Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարզ էր։ Ամենից կասկածելին իմ աչքում ժողովի նախագահն էր։ Նրա մաշած դեմքից ամբողջ ժամանակ չէր հեռանում այն հեգնական ու նենգ ժպիտը, որով նա դիմավորել էր մեզ։ Թոփչիբաշևն աշխատում էր ավելի խորամիտ ձևանալ, քան կարելի էր եզրակացնել նրա հրապարակախոսական հոդվածներից։ Միևնույն ժամանակ, նախքան մի դարձվածք արտասանելը, նայում էր նախագահի երեսին, կարծես կանխավ հարցնելով նրա կարծիքը։ Նրա համեմատ ավելի անկեղծ էր թվում ինձ Աղաևը, չնայելով սև ակնոցներից մթագնած դեմքի մռայլությանը։ Ավելի անմիջական և պարզ էր իր արտահայտությունների մեջ Հուսեյնովը. նա չէր վախենում խնդրին մոտենալ անշեղ և շարունակ կրկնում էր, որ ընդհարումները երկու ազգությունների մեջ անխուսափելի են, եթե ձեռք չառնվեն արտաքո կարգի միջոցներ։

Հասան-բեգ Մելիքովը ներկա ժողովը համարեց անիրավասու և անձեռնհաս որևէ գործնական միջոցներ մշակելու։ Չէր կարելի նրա հետ չհամաձայնվել, քանի որ թե՛ Աղաևը և թե՛ մեր հրավիրած ժողովը համարում էինք նախապատրաստական մի այլ ավելի բազմակողմանի և ավելի բազմամարդ ժողովի համար։

Այդպես էլ որոշվեց, և մենք ցրվեցինք։

Հետևյալ օրը ես պետք է վերադառնայի Թիֆլիս. ես հավատացած էի, որ քանի որ մի անգամ արդեն անիծյալ խնդիրը հրապարակ է բերված, այլևս չի մոռացվի։ Ես համոզված էի, որ եթե հայ ու թուրք ինտելիգենցիաները ջանան ժողովրդին զգուշացնել անամոթ կառավարության դավերի դեմ, կարող են եղբայրասպան աղետի առաջն առնել, և այս համոզումով ու այս հույսով էլ վերադարձանք Թիֆլիս։

XVIII

ԱՂԵՏԻ ՕՐԵՐԻՆ

Թիֆլիսի հայկական կոչված ակումբում ինչ-որ երեկույթ է։ Հանկարծ սկսվում է մի անսովոր իրարանցում, նման երկրաշարժի խուճապին։ Դահլիճներից մեկում սեղանի վրա է