Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նակաշիձեն էր, որ սպանվեց մի հայ տեռորիստի գցած ռումբով…

Աղետը տարածվեց ամենուրեք, ուր միայն կար հայ-թուրքական հարևանություն։ Միայն իմ ծննդավայր Շամախին չենթարկվեց պրովոկատորների ջանքերին, չնայելով, որ հայերի թիվն այդ ընդարձակ գավառում թուրքերից տասն անգամ պակաս է։ Ինչո՞ւ։ Միգուցե այն պատճառով, որ այնտեղ չկար ոչ հայ, ոչ թուրք ինտելիգենցիա, և ժողովուրդը ղեկավարվեց իր բնական իմաստությամբ։

Թիֆլիսի քաղաքային ինքնավարության մեջ կայացած մի ժողովում ընտրված էր մի խառը բազմամարդ «հաշտարար մասնախումբ»։ Ես ևս կայի անդամների թվում։ Ամեն օր ժողովվում էինք, խորհրդակցում, որ գոնե Թիֆլիսի մեջ չլինեն ընդհարումներ։

Դաշնակցականներն ասում էին հեգնանքով.

— Թող ձեր հանձնաժողովը ճառաբանի որքան կամենում է, մենք մերն ենք անելու։

Նրանց նշանաբանն էր.

— Խրատել։

Նրանք պնդում էին.

— Թուրքերը մեզ հետ կհաշտվեն միայն այն ժամանակ, երբ մենք նրանց մի լավ ջարդ կտանք։ Բայց այլևս ուշ էր վիճաբանության համար։ Հրդեհը բռնկվել էր, պետք է տարածվեր, և չկար մի ուժ, որ կարողանար նրա առաջն առնել։ Ամիսներ տևեց նրա լափը. հազիվ մի տեղ դադարած, բռնկվում էր մի ուրիշ տեղ։ Թիֆլիսին տակավին չէր հասել, բայց ազգաբնակությունն ահաբեկման մեջ էր։ Լուրեր էին պտտվում, թե թուրքերը Բորչալվի գավառում ուժեր են ժողովում և թե շուտով մի քանի հազար հոգով պիտի հարձակվեն Թիֆլիսի վրա։ «Շեյթան» բառը, որ առաջին անգամ արտասանել է սյուննի թուրքերի ծերուհի մյուֆթին Գայիբովն, արդեն ժողովրդականացել էր։ Այս բառով էին կնքել պրովոկատոր կառավարության անունը։

Հայերից ավելի թուրքերն էին ահաբեկված։ Հիշում եմ նրանց մի գիշերվա սարսափը։ Իրիկնադեմ էր, պատրաստվում էի գնալ «հաշտարար» մասնախմբի նիստին։ Հանկարծ