Չեմ կարող թաքցնել, որ ես երբեք մի առանձին հակում չեմ ունեցել դեպի գերմաներեն լեզուն և առհասարակ դեպի գերման քաղաքակրթությունը։ Գուցե դրա պատճառն այն է, որ իմ մտայնությունը սնվել է գլխավորապես ֆրանսիական գրականությամբ։ Սակայն այդ երկու օրը ես շատ զղջացի, որ գոնե մի քանի տասնյակ գերմաներեն բառեր չէի սովորել որպեսզի չկրեի այն դժվարությունները, որ կրեցի իմ աններելի անփութության շնորհիվ։ Բավական է ասել, որ հինգ հոգով մեզ զգում էինք աշխարհից կտրված մի ամայի անապատում, ուր սակայն ամեն մի դեմք մի նորություն և ամեն մի տեսարան մի աշխարհ էր ինձ համար։ Տասնուհինգ տարի անցած ես նույն վիճակումն էի Ամերիկայում անգլերեն չգիտենալուս պատճառով։ Բայց այնտեղ ինձ հետ էր աղջիկս, Մարգարիտը, որպես թարգման ու աջակից, և ես ոչ մի նեղություն չէի կրում։
Թափառեցինք Բեռլինի փողոցները, մտանք մի քանի խանութներ, մի երկու պարտեզներ, հիացանք քաղաքի շքեղ լուսավորությամբ և զարմանալի մաքրությամբ, ճաշակեցինք Մյունխենի հռչակավոր գարեջուրը ու վիեննական համեղ սուրճը, և դրանով բավականացավ մեր հետաքրքրությունը։
Այնուհետև ամենքիս պաշարեր շուտով հեռանալու փափագը։ Բայց այդտեղ էլ հանդիպեցինք դժվարության, դարձյալ լեզու չիմանալու անիծյալ պատճառով։ Հարկավոր էր գիտենալ, ո՞ր գնացքն է գնում Փարիզ, ո՞ր կայարանից և օրվա ո՞ր ժամին։
Ես վերցրի երկու որդիներիս, դուրս եկա փողոց ու կանգնեցի Ֆրիդրիխշտրասի մի անկյունում։
— Այստեղ ի՞նչ պիտի անել,— հարցրեց մեծ որդիս, Ռուբենը։
— Պիտի սպասենք դիպվածի օգնությանը,— պատասխանեցի ես ամենայն լրջությամբ։
Պատանին հեգնորեն ժպտաց։
Դիպվածն, այսինքն՝ անսպասելին մինչև այդ օրը մի քանի անգամ ինձ օգնել էր կյանքիս դժվար րոպեներին, ուստի իմ մեջ կամա-ակամա գոյացել էր մի տեսակ խուլ հավատ դեպի նրա զորությունը։ Չեմ կարող ասել, որ այսօր,