Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ շարեշար կանգնած երկու-երեք-չորս հարկանի տները արտաքուստ տարբերվում են Շանզելիզեի կամ մեծ բուլվարների հոյակապ շինություններից ոչ իրանց ոճով ու օրիժինալությամբ, այլ խեղճությամբ։ Սակայն յուրաքանչյուրն այդ խեղճերից ունի իր դարավոր պատմությունը։ Մերթ ուրախ և շքեղ, մերթ մռայլ ու արյունալի։

Փարիզի երկրորդ նշանավոր մասը Մոնմարտրն է, արտիստական արվարձանը և գիշերային զվարճությունների և հախուռն շվայտությունների միջավայրը։ Այստեղ կյանքը սկսվում է կեսգիշերին, երբ թատրոններն ու ռեվյուները վերջանում են, և շարունակվում է մինչև առավոտ։ Այստեղ են իրենց գիշերներն անցկացնում օտարականները, նրանք, որոնց համար Փարիզը միայն և միայն շվայտության վայր է։ Այստեղ են արևմտյան հյուրիները դատարկում նրանց գրպանները և կրճատում նրանց կյանքը։ Այստեղ բուն Փարիզը գործ չունի, նա մի անտարբեր ու հեռավոր վկա է։ Մոնմարտրը համաշխարհային ու միջազգային մի զվարճարան է, ուր շատ աննշան տեղ ունի ֆրանսիացին։ Այդ անթիվ սրճարանները, ճաշարանները, կաբարեները, գանսինգներն և այլն, երբեմն սրամիտ և հաճախ խեղկատակ անուններ կրող զբոսավայրերը 90 տոկոսով լեցուն են օտարականներով, և երբ տասը տոկոսը հաճախորդների ֆրանսիացիներ են, համենայն դեպս ոչ Փարիզից, այլ գավառներից։ Ասում են, երբ էդիսոնը Փարիզ եղած ժամանակ Մոնմարտրը տեսել էր զարմացած հարցրել է.

— Ասացեք խնդրեմ, դուք որ գիշեր-ցերեկ զվարճանում եք, հապա, ե՞րբ եք այդքան աշխատել ու ստեղծագործել:

Մի փարիզեցի պատասխանել է.

— Այս զբոսավայրերը մեզ համար չեն, այլ անգլիացիների ու ամերիկացիների համար։

Ես կավելացնեի. և ռուսների համար, թե՛ այն ժամանակ, թե՛ նամանավանդ այժմ, հետպատերազմյան էմիգրացիայի օրերում։ Բայց այս մասին հետո։

Արդարև, ապագայում, երբ ես քիչ թե շատ ուսումնասիրեցի Փարիզը, տեսա, որ ֆրանսիացին, առանձնապես փարիզեցին, այնչափ շռայլ ու շվայտ չէ, որչափ առաջին