ճշգրիտ ու սրամիտ անուն ու տարածել ամենուրեք։ Միայն մի դեպքում նա նեղվեց և չկարողացավ բնորոշել։ Դա Լև Տոլստոյի ընտանիքից փախչելն էր մահվան նախօրյակին։ Այդ ժամանակ ես Փարիզումն էի։ Հիշում եմ ինչպես մեծ գրողի անվան ծանոթ ֆրանսիացիները իրարու հարցնում էին.
— Այդ ի՞նչ է նշանակում։
Վերջապես մի ֆելիետոնիստ գրեց.
— Այդ նշանակում է ռուսական «Ничего»: Թանգարաններից ու ցուցահանդեսներից ժամանակավորապես կշտացած, սկսեցի այցելել թատրոնները։ Մի բան, որ շռայլություն էր իմ նիհար գրպանի համար։ Ես ստիպված եղա ախորժակս մի փոքր սանձահարել և թատրոն գնալ շաբաթը մի կամ երկու անգամ։ Այդ դեպքում ես ինքս ինձ մխիթարում էի այն իրողությամբ, որ փարիզեցիները շատ չեն հաճախում թատրոնները և սեզոնի ընթացքում մի տասն անգամ թատրոն գնալն արդեն համարվում է բուրժուա կան շռայլություն։ Ես կարող էի, որպես թատերագիր, եթե ոչ ամենուրեք, գոնե «ազգային» կոչված երկու թատրոններում ունենալ ձրի աթոռ։ Բայց դրա համար անհրաժեշտ էր մի քանի տեղեր դիմել, բացատրել, խնդրել մի բան, որ հակառակ էր իմ բնավորությանը, ուստի և ատելի։ Տեղն է ասել, որ այն ժամանակ հայ թատրոնի ճակատագիրը գտնվում էր Բաքվի մի խումբ բուրժուաների ձեռքում։ Այդ խումբը խնդրել էր ինձ, որ հետևեմ Փարիզի ռեպերտուարին և եթե մեր բեմին հարմար պիես տեսնեմ, թարգմանեմ կամ ուղարկեմ թարգմանելու։ Ես իմ մի նամակում ակնարկեցի, թե դրա համար գրամ է պետք։ Պատասխանս եղավ լռություն։ Բայց և այնպես, երկու սեզոն ես հետևեցի ֆրանսիական ռեպերտուարին, տեսա տասնյակ պիեսներ, կարդացի հարյուրներ, և թարգմանության արժանի երկ չգտա։ Այդ տարիներին առհասարակ ֆրանսիական գրականությունը ճգնաժամի մեջ էր, մանավանդ թատերականը։ Ասպարեզի տերերն էին էդմոն Ռոստանը իր մինչև կոկորդը ձանձրացրած «Սիրանո դը Բերժրակ»-ով, սանտիմենտալ «Արծվիկ»-ով, իսկ հետո իր ռեկլամներով ուռեցված «Chanteclci»ով Բաթայլն իր հղփացած բուրժուազիայի ընտանեկան կյանքի ինտրիգները