էլ ունեին սեփական թատրոն, երկուսն էլ ապրում էին ծերության տարիները, ճգնելով դանդաղեցնել իրանց աստղերի թեքումը։ Եվ մասամբ այդ հաջողվում էր նրանց։ Տեսնելով Սառա Ոեռնարին Դյումայի «Կամելիազարդ տիկնոջ» դերում և Ռեժանին` Սարդուի «Մադամ Սանժենի» դերում, ո՞վ կարող էր ասել, որ թե՛ մեկի և թե՛ մյուսի տարիքը 30-ից ավելի է, մինչդեռ երկուսն էլ արդեն վաղուց էին թևակոխել կես դարը։ Մանավանդ զարմանալի էր Սառա Ոեռնարի ախորժալուր, արծաթահնչյուն ձայնը։ Մի ձայն, որ տասնուհինգ տարուց հետո լսելիս էլի ինձ հիացրեց իր երիտասարդական թարմությամբ։
Թանգարաններից ու դրամայից հետո իմ հետաքրքրությունն անցավ երաժշտության, բայց ոչ հավասար չափով ու ոգևորությամբ։ «Crand Opera» և «Opera Comique» գնում էի շատ քիչ անգամ։ Այդտեղ իմ ժամանակ լավ երգիչներ ու երգչուհիներ չկային, բացի տենոր Ալվարեսից։ Լավագույն երաժշտությունը լսում էի Կոլոնի և Լամուրիի կոնցերտներում, նաև այս կամ այն բացառիկ երեկույթներում, երբ մասնակցում էին իտալական հայտնի երաժիշտներ կամ երգիչ-երգչուհիներ։ Իսկ գալիս էին նրանք շատ հաճախ։ Հարկավ, ես ոչ այնքան միջոցներ ունեի և ոչ էլ ժամանակ ամենքին լսելու և տեսնելու։ Փարիզն այնքան հարուստ է գեղարվեստական հաճույքներով, որ չկա մարդկային հնարավորություն ամեն տեղ գնալու ու ամեն բան տեսնելու։ Փարիզը մարդկության ներվերի կծիկն է, այնտեղ մարդը շուտ է հոգնում։ Զուր է այն կարծիքը, թե ֆրանսիացին, ինքն իր վրա սիրահարված լինելով, կույր ու խոզ է օտարազգի տաղանդների ու հանճարների վերաբերմամբ։ ճշմարիտ է, ֆրանսիացին իր արվեստները, իր գրականությունը և առհասարակ իր քաղաքակրթությունն է համարում ամենից բարձրը, և շատ բաներում ունի իրավունք, բայց նա գիտե յուրաքանչյուրի գնահատականը տալ բավական անկողմնապահ և ճիշտ։ Հազարավոր փաստեր կարելի է բերել ասածս ապացուցանելու համար, բայց բավական է և մեկը։ Ով եղել է գեթ մի անգամ Փարիզում և առիթ է ունեցել ֆրանսիացիների հետ խոսելու, գիտե, թե ինչ հափշտակությամբ են խոսում նրանք ռուս