Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատերի վրա կախված են մարդկային գանգեր և զանազան ոսկորներ։ Առաստաղից ձգված է, որպես լապտեր, մի կմախք, մեջը մի վառ մոմ։ Սեղանների փոխարեն գրված են դագաղներ, որոնց վրա տնկած եկեղեցական մոմերը հազիվհազ փարատում են խավարը։ Մեզ առաջարկում են նստել մի դագաղի քով։

— Արդյոք ինչո՞վ եք փափագում սատկել, շան կաթո՞վ, թե՞ կատվի մեզով։

— Երկու գավաթ գարեջուր,— պատվիրում եմ ես։

Սովորական սրճարաններում այն ժամանակ գարեջրի բաժակն արժեր 40—5O սանտիմ, իսկ այստեղ 2 ֆրանկ։ Եվ ի՛նչ գարեջուր — կատարյալ լվացքի հեղուկ։ Ես գիտեմ ինչ է— չեմ խմում։ Սոմիկոն փորձում է և իսկույն դեմքը թթվեցնելով գավաթը հեռացնում է իրանից, հայերեն մի պատկերավոր հիշոց ուղղելով մատակարարի երեսին։

Բացի մեզնից կան և ուրիշ այցելուներ։ Հինգ ամերիկացիներ, դագաղի քով նստած են դիք-դիք, անշարժ, կարծես, գերեզմանատան ցցուն քարեր են։ Պատերից, մեկի վրա կախված է մի մեծ նկար։ Մի ինչ-որ երջանիկ և առողջադեմ բուրժուա իր բարեկամների հետ զվարճանում է։ Մեր ուշադրությունը դարձնում ենք այդ նկարի վրա։ Հանկարծ բուրժուան կապտում է, գունատվում։ Նրա մարմինը սկսում է աստիճանաբար փտել, թափվել։ Մնում է չոր կմախքը։

— Այս է կյանքը,— լսվում է մի մռայլ ձայն։

Սոմիկոն սկսում է ներվայնանալ և ինչ-որ մրմնջալ։ Մեզ վրա ձգում են մանիշակագույն լուսո ճաճանչներ — ո՞րտեղից է, չեմ տեսնում։ Մեկը տալիս է մեզ մի հայելի, ասելով.

— Հիացեք ձեզնով։

Նայում եմ, դեմքս կատարյալ դիակի գույն ունի։ Սոմիկոն սարսափած հայելին շպրտում է գետին ու փշրում։

Նայում է արձանացած ամերիկացիներին, ոտքի է ելնում, գոռալով.

— Գնանք, գնանք, ես էլ չեմ կարող այստեղ մնալ...

Ես աշխատում եմ նրան հանգստացնել, ասելով, թե այդ բոլորը ուրիշ ոչինչ է, եթե ոչ էլեկտրական գունավոր լույսերի