Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնորոշ էր փարիզյան բարքերի համար։ Առաջ նա եղել է փոքրիկ գիշերանոց։ Մի ինչ-որ օտարական մի անգամ այնտեղ գիշերելիս իր անկողնի մեջ գտնում է մի սատկած մուկ։ Նա կանչում է հյուրանոցի տիրոջը և, մուկը ցույց տալով, ասում է.

— Պարոն, ես քո հյուրանոցի անունը փոխեցի. այսուհետև ես նրան անվանելու եմ սատկած մուկ ու այդպես էլ գրելու եմ լրագրում։ Ես թղթակից եմ։

Ֆրանսիացին չի շփոթվում։ Նրա գլխում մի նոր միտք է հղանում։ Նա ասում է.

— Շատ գեղեցիկ, ես համաձայն եմ, թող այդպես լինի, միայն խնդրում եմ չգրել Souris mort (սատկած մուկ), այլ Rat mort (սատկած առնետ), այդ ավելի քաղցրահնչյուն է։

Այդ անվան տակ հնարագետ ֆրանսիացին հյուրանոցին ավելացնում է մի սրճարան վարի հարկում և մի գիշերային ռեստորան վերի հարկում։ Ձեռնարկը հաջողվում է, ռեստորանը համբավ է վաստակում իր տարօրինակ անվան շնորհիվ։

Այդ տեսակ ճարպիկ աֆերիստները առհասարակ մեծ քաղաքներում հազարավոր միջոցներ ունեն հարստանալու կամ անուն շահելու համար։ Այս տեսակետից Փարիզն առաջին տեղն է բռնում։ Ոչ մի մեծ քաղաք չունի ամենուրեք կողոպտման դատապարտված ճամփորդների այնպիսի հոծ բազմություն, որպիսին ունե բուրժուական «ազատության, եղբայրության, հավասարության» սքանչելի մայրաքաղաքը։

Փարիզը մի լիճ է, որ սնվում է մի կողմից ներս հոսող, մյուս կողմից դուրս հոսող լայնատարած մի գետով։ Այնտեղ մշտապես կա միլիոնի չափ ժամանակավոր այցելուների մի բազմություն, որ երբեք չի պակասում, այլ ընդհակառակը։

Ինչ համբավ և ինչ հրապույր ևս ունենա Փարիզը, նրա գլխավոր զենքը ռեկլամն է, ավելի ճիշտն ասած, ռեկլամի ձևը, վասնզի ֆրանսիացին այդտեղ ևս լավագույն վարպետն է։ Նրա ռեկլամը ձեզ չի խլացնում միլիարդների կոպիտ, աններդաշնակ թմբկահարությամբ, ինչպես այդ անում է ամերիկյան ռեկլամը։ Նա երգում է մեղմիկ, քաղցրահնչյուն։ Ամերիկացու ռեկլամն ապաշ է. իր միլիարդների մուրճով մի