Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ սագ, ինձ տեսնելով, անմիջապես թևերը բարձրացրեց և կղկղալով վազեց դեպի ինձ։ Կարծես գալիս էր անցագիր պահանջելու։ Երկու բադ ծանրաբարո անցուդարձ էին անում, իրանց ծուռ ոտներով ցեխոտ գետնի վրա եռաճյուղ նախշեր տաճելով։

Ես անցա աստղաձև կապված պարանների վրա փռված լվացքի տակով, փափախս ձեռով պահելով, որ չնկնի: Մտա գավթին հավասար մի նեղ պատշգամբ։ Այստեղ երկու գրեթե տարեկից մանուկներ, կեղտոտ, ինչպես թափառաշրջիկ գնչուներ, խաղում էին նեխված հատակի վրա։ Երկուսի էլ երեսը մածունոտ էր։

Ինձ դիմավորեց հնամաշ շալն ուսերին գցած անորոշ տարիքի մի կին տգեղ ու թթված դեմքով և հարցրեց՝ ում եմ կամենում։

— Գասպար Մարտինիչ Խիգիրովին, կարելի՞ է նրան տեսնել։

Կինը նայեց ինձ ոտքից մինչև գլուխ անբարեհամբույր հայացքով, առանց մի խոսք ասելու, բաց արավ դեպի պատշգամբ նայող դռներից մեկը և ձեռքով նշան արավ, որ ներս մտնեմ։

Ես մտա. ինքն էլ հետևեց ինձ։

Առաջին հայացքով ոչինչ չկարողացա նշմարել. սենյակը մութն էր ինչպես գիշեր։ Հետո մի անկյունից լսեցի ծանր տնքտնքոցի ձայն։ Զգուշությամբ մոտեցա։ Այնտեղ, պատի տակ մի մեծ թախտի վրա պառկած էր Կարկուտ Գասպարը։ Բարեկամս թաղված էր բազմաթիվ վերմակների տակ, որոնց վրա թագավորում էր նրա նշանավոր մուշտակը։

— Ալեքսան, դու ե՞ս,— արտասանեց նա, կապույտ թաշկինակով կապած գլուխը դուրս բերելով մուշտակի մազերի միջից, ինչպես մի կտոր բուրդ մի ջվալ բրդից:— Բարով ես եկել։ Տեսնում ես էլի, մրսել եմ, սաթլջամ եմ, վայ մեջքս, ա կնիկ, չայ բեր, մուրաբա բեր։ Ակոբի քրոջ տղան է... Շատ լավ տղա է, շատ եմ սիրում։ Վայ, ուֆ, գլուխս տրաքում է։ Չէ, հաջամաթ պետք է առնել, հաջամաթ։ Նա, չայ բեր երեխայի համար, մուրաբա...