Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այսօր էլ կանգուն է և ծառայում է համայն աշխարհին՝ որպես կենտրոնական ռադիոկայան։ Նրա ամենօրյա հաղորդագրությամբ է այժմ կանոնավորվում բոլոր երկրների ժամացույցների ընթացքը։ Դա ժամանակակից տեխնիկայի նշանավոր հաղթանակներից մեկն է զառամյալ էսթետիզմի դեմ։

Սոմիկոն անտարբեր էր դեպի ամեն ինչ և քայլում էր ինձ հետ լուռ։ Պարզ էր, որ նրա միտքը զբաղված էր ուրիշ բանով։ Միայն մի անգամ նա արթնացավ— Ալեքսանդր երկրորդ Ռոմանովի անվամբ շինված կամուրջը տեսնելով։

— Վա՜, վա՜,— գոչեց նա հիացած,— ոսկեզօծ ձիեր, ով գիտե քանի միլիոն է ծախսված այդ կամրջի վրա։

— Սոմիկո, նայիր ետ, դա Համաձայնության պատմական հրապարակն է, ուր 1793 թվականի հունվարի 21-ին գլխատեցին Լուդովիկոս XVI-ին։ Տես, որքան գեղեցիկ է նա իր արձաններով և եգիպտական օբելիսկով։ Սոմիկո, նայիր դեմուդեմ, դա Բուրբոնների պալատն է, այժմյան պառլամենտը։ Այս օրերս քեզ հետ պիտի մի անգամ գնամ այնտեղ լսելու Ֆրանսիայի նշանավոր հռետորներին։ Հետաքրքրական է, չէ՞։ Սոմիկո, նայիր դեպի ձախ, դա Տյուլըրին է իր սքանչելի պարտիզով, և անցյալի զորավորների եղեռնալի գործերով, նայիր Լուվրին, տես ինչ գեղեցիկ է նրա շինվածքը, դա միջին դարերի ֆրանսիական ճարտարապետության հրաշալիքն է... Իսկ ներսը, դու դեռ չե՞ս եղել այնտեղ. այդ ներելի չէ... մի օր քեզ պիտի տանեմ արվեստների այդ մեծագույն տաճարը... Նայիր ավելի հեռու...

— Համբերի՛ր, համբերի՛ր,— գոչեց Սոմիկոն իմ ոգևորության դեմ,— թույլ տվեք ինձ մի բան ասել, այդ բոլորը, ինչ որ ձեզ հիացնում է, իմ կարծիքով այս րոպեին չարժե մի սիրուն կնոջ տաք անկողնին... ես գնացի...

Եվ նա, վազելով, նստեց առաջին պատահած ֆիակրը և անհայտացավ...

Սենան շարունակում էր իր տրտունջները։ Որքան վար, այնքան ավելի ու ավելի էին պղտորվում նրա ջրերը։ Ափերի մոտ իրարու սեղմված նավերը թեթևակի երերվում էին, և դեղնագույն ջուրը զուր էր աշխատում լվանալ նրանց քարածխի փոշիով սևացած կողերը։ Նավային աշխատավորները