Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի՞նչպես կարող էր նա իր երկնագույն արյունը խառնել քաղքենիական արյան հետ։

Պապայանն անբախտացավ, և այնուհետև նա մերժեց շատ-շատերի առաջարկը, հրաժարվելով ամուսնական կյանքից առմիշտ։ Բայց հոգեկան տառապանքները չազդեցին նրա տաղանդի վրա և նա մինչև մահ մնաց մուսաների փայփայվածը։

Մինչ ես աջ ու ձախ փնտրում էի իմ ցանկացած մարդկանց, ինձ մոտեցավ մի պարզ հագնված փոքրահասակ մարդ, շիկավուն մազերով, կարճ ցանցառ մորուքով, սրածայր և քիչ արծվային քթով։ Նա մի թևի տակ բռնած ուներ մի քանի գրքեր, իսկ վերարկուի երկու գրպաններումն էլ լրագրեր։ Կարելի էր կարծել, թե դա մի շրջիկ գրավաճառ է։ Բայց դա հայտնի բանաստեղծ, գրական քննադատ, պատմագետ, իմաստասեր, հրապարակախոս, անխոնջ հասարակական գործիչ, մի խոսքով Արշակ Չոբանյանն էր։

— Բարի գալուստ, վաղուց կփափագե՝ի տեսնել,— ասաց նա այն արագ տոնով ու առողջ ու հնչուն ձայնով, որ միշտ արթուն ու ժիր մարդկանց հատկանիշներն են։

Մենք, իհարկե, հեռվեն ծանոթ էինք իրարու և կարծեմ նամակներ էլ փոխանակել էինք, ուստի շատ քիչ խոսքեր էին պետք, որպեսզի անմիջապես բարեկամանայինք։ Բայց, ըստ երևույթին, Չոբանյանը ինձ պես սիրում էր ամեն մի բարեկամություն սկսել ուտել-խմելով։ Ես հաճույքով ընդունեցի նրա հրավերը՝ միասին նախաճաշելու։

Երկու ժամվա մեր խոսակցության նյութն եղան գլխավորապես հայ-թրքական ընդհարումները։ Ես պատմեցիք ինչ որ գիտեի։

— Եղբայր, եղբայր,— գոչեց Չոբանյանը, ձեռը զարկելով սեղանին,— այդ ինչ աղետ է, բավական չէ՞ր թրքահայերինը, այժմ էլ ռուսահայերինը։ Ի՞նչ պիտի ըլլա այս թշվառ ազգին վիճակը, ի՞նչ պիտի ըլլա։

— Ի՞նչով եք զբաղված այժմ,— հարցրի ես տխուր խոսակցությանը վերջ տալու համար։

— Ա՜հ, ինչով ըսեք զբաղված եմ,— պատասխանեց նա, հեգնորեն ժպտալով,— Չոբանյան հոս, Չոբանյան հոն,