Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Պրծա՞ր, հիմի մուրաբա բեր երեխայի համար։

- Շնորհակալ եմ,շնորհակալ եմ,- կրկնեցի ես, դրականապես հրաժարվելով դառնացած կնոջ քաղցր հյուրասիրությունից։

Ինձ համար անսահման վշտալի է բարեկամիս խեղճությունը։ Մինչև այդ ժամանակ իմ ճանաչած ընտանիքներում մարդն էր հալածել կնոջը, այդ օրը հակառակն էի տեսնում։ Ի՞նչ, Կարկուտ Գասպարը, որ խոսելիս կրակ էր թափում բերանից, այդպես ընկճված իր տանը մի տգեղ կնոջի՞ց։ Դա ավելի քան վիրավորական է մի պատվասեր տղամարդի համար, և ես զարմանում էի, որ խնամատարս չհարձակվեց անամոթ կնոջ վրա ու չխեղդեց նրան։ Բայց մի բան, որ ինձ ամենից ավելի վշտացրեց, հետևյալն էր. երբ ևս ասացի Գասպարին, թե արդեն նոր զգեստ եմ պատվիրել և պատրաստ եմ ծովային ծառայության համար նավապետին ներկայանալու, չար կինը նորեն կատաղեց.

- Ի՞նչ,- գոչեց նա, ձեռը ձեռին զարկելով,- ուրեմն դու այդ տղային է՞լ ես խելքից հանել։ Եվ, դառնալով ինձ, ավելացրեց.

- Ա տղա, մի հավատար այդ մարդուն, նրա խոսքը մեջը փուչ ընկույզ է, ումին ասես բաժանում է։ Գնա քեզ համար ուրիշ գործ ճարիր, դրա ձեռքից բան չի դուրս գալ։

Ահ, որքան խղճալի էր այդ պահին իմ բարեսիրտ խնամատարը և որքան ողորմելի նրա փառահեղ մուշտակը, որ այնքան պատկառանք էր ներշնչել ինձ։

Ես հրաժեշտ տվեցի նրան դառնացած սրտով։ Երբ տեսած ու լսածս պատմեցի մորեղբորս, նա հառաչեց և խորհրդավոր եղանակով ասաց.

- Կնիկ կա, որ անուշ վարդ է, կնիկ էլ կա, որ ցավ ու դարդ է։

Ես զգացի, որ ինքն էլ մոտավորապես Կարկուտ Գասպարի վիճակումն է կնոջ վերաբերմամբ, և հասկացա նրանց բարեկամության հոգեբանական պատճառը։

Քիչ անցած, մորեղբայրս ասաց.

- Ձեռագիրդ տվեցի Համբարձում-բեգին։ Վաղը գնա նրա մոտ նահանգական ատյան, նա քեզ կընդունի։