Թամամշյանն ինձ ծանոթացրեց նրանց հետ։ Փոքր անցած ներս մըտավ մի զույգ, թև֊թևի տված։ Կինը սևազգեստ, շատ նիհար և շատ գունատ էր։ Երկայն սև մազերով մի էակ էր, ոչ բարձրահասակ և, կարծես, թափանցիկ որպես ստվեր։ Տղամարդը շիկահեր էր, մինչև թիկունք երկայն մազերով, գզգզված ցանցառ մորուքով, հիվանդոտ աչքերով, անճաշակ հագնված և վատ սանրված կամ բոլորովին չսանրված։ Երկուսն էլ հարբած էին․ հայտնի չէր, թե որն է որին պահում անկումից, տղամա՞րդը կնոջը, թե՞ հակառակը։
— Օօ՜, Բա՛լմոնտ, Բա՛լմոնտ — գոչեցին միաբերան իմ նոր ծանոթները։
— Համեցե՛ք, համեցե՛ք...
Ես տակավին ծանոթ չէի այդ բանաստեղծի երկերին, բայց անունը լսել ու կարդացել էի։ Ինչ ուզում եք ասեք, մարդու արտաքինը ազդում է դիտողի վրա։ Իմ առջև կանգնած էր ոչ ախորժալի դեմքով ու կեցվածքով մի մարդ, որ շրջիկ լաթավաճառի էր նման։ Նա ոչ միայն չընդունեց իր հայրենակիցների սիրալիր հրավերը, այլև բարևի անգամ չարժանացրեց նրանց, չքաշվելով նույնիսկ կանանց ներկայությունից։ Նա մոտեցավ բուֆետին և, ձեռը զարկելով սեղանին, պահանջեց երկու բաժակ չգիտեմ ինչ ալքոհոլ, ապա, գլուխը կռվասեր աքաղաղի պես բարձրացնելով, արտասանեց․
— А кто посмеет сказать, что не Бальмонт король всех современных поэтов — Ո՞վ կհամարձակվի ասել, թե Բա՛լմոնտը չէ ժամանակակից բանաստեղծների թագավորը։ Իհարկե, ոչ ոք չհամարձակվեց այդ ասել։ Իսկ մի ներվային պառավ աղջիկ, որ կարծեմ նկարչուհի էր, գոչեց․
— О, великий поэт, мы все гордимся вами! — օ՜օ, մեծ բանաստեղծ, մենք ամենքս պարծենում ենք ձեզնով։
Ասում են այն, ինչ որ մարդու հոգու մեջ է արթուն ժամանակը, շրթունքների վրա է հարբած ժամանակը։
Տարիներ անցած ես այդ բանաստեղծին մի անգամ ևս տեսա դարձյալ Փարիզում։ Սորբոնի ամֆիտեատրներից մեկում մի խումբ հայ մտավորականներ ուսանողների հետ միասին Հովհաննես Գումանյանի մահվան առթիվ սգահանդես էին կազմել։ Բա՛լմոնտն էլ հրավիրվել էր իր խոսքն ասելու հայ բանաստեղծի մասին։ Ես որպես երեկույթի