Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լավ կնիկ էր, — արտասանեց նա, աչքերը սրբելով,— կարող եմ պարծենալ։ Լավ էր պահպանում ինձ։ Մեռավ, մնացի անտեր...

Ասաց մարդը և, գլուխը երերելով, հեռացավ...

III

ՊԱՇՏՈՆԱԿԻՑՆԵՐԸ

Հայտնվեց, որ ձեռագիրս բանի պետք չէ։ Գոնե այսպես ասաց իմ անմիջական իշխանավորը, Համբարձում-բեգը, երբ մի քանի թղթեր արտագրեցի։

— Շամախու ոստիկանատանը բան չէիր կարող սովորել,— ասաց նա,— նահանգական ատյանն ուրիշ բան է։ Այստեղից մենք, բրատեց մոյ, ամեն օր թղթեր ենք ուղարկում նորին բարձրության փոխարքայի անունով, տառերը պիտի մարգարիտների պես շարես, որ բարեհաճեն կարդալ, թե չէ մեկ էլ տեսար, նահանգապետից վիգովոր ստացա։

Եվ ինձ պարտավորեցրին մի քանի ամիս ծառայել առանց որևէ ամսականի, մինչև որ ձեռագիրս կշտկեմ։

Երբ ես իմ դմգոհությունը հայտնեցի ատյանի հատակները լվացող Հովակիմին, նա ասաց․

— Վնաս չունի, զատո առաջ դու Ալեքսան էիր, հիմա Ալեքսան-բեգ ես։

Նոր միջավայրը թեև ձանձրալի, բայց հետաքրքիր էր ինձ համար։ Օրը 7 ժամ արտագրելով իմ իշխանավորների ստեղծագործությունները՝ բնավ չէի մտածում, որ իմ միտքն ու զգացումները կարող են օր-օրի վրա բթանալ։ Ես մի անծանոթ մեքենայի չնչին մասնիկներից մեկն էի։ Թե ինչ էր շինում այդ մեքենան և ինչու համար էր գործում — բոլորովին չէի հետաքրքրվում։ Ինձ համար անհասկանալի, նույնիսկ ծիծաղելի էր այն լրջությունը, որով իմ պաշտոնակիցները կատարում էին իրենց պաշտոնը, մտազբաղ դեմքերով վազելով մի սեղանից մյուսը։ Արդեն իմ միտքն սկսել էր զբաղվել այնպիսի բաներով, որոնք ոչ մի կապ չունեին