Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չունեի ուժ բաժանվելու այդ տարօրինակ, այդ անհասկանալի, այդ դաժան տխրությունից։ Զգում էի միայն, որ ես ունենալու եմ ծանր վիշտ, մի մեծ դժբախտություն։ Ապագայում, երբ այդ դժբախտությունը վրա հասավ, այն ժամանակ հասկացա, թե ինչ նախազգուշացման հետևանք էր իմ թախիծը... Երբեմն Սեն-Կլուից վերադառնում էի ոտքով, անտառների և դալարազարդ մարգագետինների մաքուր օդը ծծելով։ ճամփին մեկ-մեկ մտնում էի Սեվրի նշանավոր պետական գործարանը, որ հռչակված է իր ֆարֆորյա անոթներով։ Դիտում էի նրբաճաշակ բրուտների վարպետությունը։ Նրանց ճարպիկ մատների տակ մի կտոր կավը մի րոպեում դառնում էր սքանչելի վազա կամ սափոր։ Ա՜հ, հրաշալի վարպետներ, դուք ձեր հայրենիքի պարծանքներից մեկն եք և ամենայն իրավամբ։

Քաղաքի մեջ հաճախում էի գրական ու գիտական կոնֆերանսները, քաղաքական միտինգները։ Ժան Ժոռեսի ոչ մի ելույթը բաց չէի թողնում։ Սոցիալիզմի մեծ քարոզիչը, բուրժուազիայի սարսափն իր փառքի գագաթնակետումն էր այդ ժամանակները։ Եթե Կլեմանսոն վագր էր, Ժոռեսը առյուծ էր և նրա ամեհի ախոյանը։ Բրիանին նա չէր արժանացնում իր արհամարհանքի բարձրությանը։ Պառլամենտը սարսափում էր նրա որոտալի ձայնից, երբ զգում էր իր հանցանքը կամ սխալը։ Երբ նա բարձրանում էր իր տեղից, ամենքն անխտիր, թե՛ աջակողմյան, թե՛ ձախակողմյան կուսակցություններն ու կենտրոնը, լարում էին իրանց ուշադրությունը, արդյոք ժամանակի Ցիցերոնն ի՞նչ նոր փոթորիկ է պատրաստել տիրող հասարակարգերի փտող ու քայքայվող հիմքերի դեմ։

Ժոռեսը միջահասակ էր, թիկնեղ, ամրակազմ, նա նման էր ավելի կալիֆորնյան երկրագործի կամ ռուս մուժիկի, քան պրոֆեսորի, քան գիտնականի, որի պատմական էրուդիցիան ապշեցնում էր ունկնդիրներին։ Բայց որքա՜ն մեղմ ու բարեհամբույր էր այդ արտաքուստ անտաշ մարդու դեմքի արտահայտությունը, ո՜րքան գրավիչ էր նրա պայծառ աչքերի փայլը, որ մարդու բյուրեղյա հոգին էր արտացոլում։ Եվ ոչ մի կոպիտ դարձված, անձնավորությունների