Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կոպտությունը մի քանի անտեղի նկատողություններով ու պահանջներով։ Ես երկու դեպքերում կարողացա ինձ զսպել, բայց երրորդ անգամ, մտածելով, որ եթե թույլ լինեմ, մարդը շատ հեռուն կգնա, վճռեցի մի անգամ առ միշտ ցույց տալ նրան իր տեղը։ Ես նրա գոռոցին պատասխանեցի իմ ձայնի ոչ պակաս դիապազոնով։ Մարդն անմիջապես լռեց և քթի տակ ինչ-որ փնթփնթաց։ Այնուհետև նա մեր վերաբերմամբ զգույշ էր և աշխատում էր ինձ շհանդիպեչ, թեև մոտովս անցնելիս չէր մոռանում բարևելու։

Այդ միակ օրինակը, իհարկե, ինձ չէր կարող խանգարել շատ շուտով տեսնելու և համոզվելու, որ զվիցերիացիներն առհասարակ վերին աստիճանի հանգիստ և խաղաղասեր ժողովուրդ են։ Թեև շատ են սիրում խոսել պատերազմների և կռիվների մասին և մի քիչ էլ պարծենկոտ են։ Երբեմն նրանք վախկոտ են ծաղրվելու չափ։ Առանձնապես նրանք վախենում են իտալացիներից, որոնք կազմում են ճանապարհներ շինող բանվորների մեծամասնությունը։ Յուրաքանչյուր իտալացի իր գրպանում ունի մի դանակ և չի վարանում տեղի ու անտեղի ցույց տալ այդ դանակը, մանավանդ, երբ հարբած է, իսկ հարբում են իտալացի բանվորները շատ հաճախ։

Ես վճռել էի, քանի որ գեղեցիկ բնության ծոցումն եմ, ոչ գրել և ոչ կարդալ։ Ինձ համար ամեն մի տեսարան մի գիրք էր և ամեն մի դեմք մի ամբողջ մարդկություն։ Առավոտից մինչև երեկո որդիներիս հետ կատարում էի երկարատև զբոսանքներ։ Այցելում էի շրջակա գյուղերը, մտնում էի անտառները, իջնում էի ձորերը, բարձրանում էի լեռնային շալեները, այնտեղ վայելելու Զվիցերիայի հրաշալի կաթն ու սերը և հիանալի գյուղացիների տոկուն ու համառ աշխատասիրությամբ։

Հազիվ թե գտնվի մի ուրիշ երկիր, ուր ոտքով ճամփորդելն այնքան դյուրին և հաճելի լինի, որքան Զվիցերիայոլմ։ Դուք կարող եք, մի փոքրիկ ճամփարկղ վերցնելով, մեն-մենակ անցնել երկրի մի ծայրից մինչև մյուսը, միանգամայն վստահ, որ ձեզ ոչ մի վտանգ չի Ապառնում, բացի ձեր այս կամ այն անխոհեմությոմւից։ Անցնելով գյուղից գյուղ կամ