ինձ, որ նա մտքում ինչպես ամենքի, նույնպես և իմ դեմ վտանգավոր դավ է լարում։
Երեք ամիս ծառայեցի այդ մարդու հետ մի սեղանի քով և միայն մի անգամ լսեցի նրա ձայնը։ Դա մի տարօրինակ դեպք էր։ Այսօր էլ սարսափով եմ հիշում նրան։ Ահա եղելությունը։
Օրը կիրակի էր, ես ատյանում հերթապահ էի, ասել է, ամբողջ օրն այնտեղ պետք է մնայի ու այնտեղ էլ գիշերեի։ Դեռ օրը չէր մթնել, պատշգամբի վրա կանգնած դիտում էի հեռավոր ծովը և սքանչանում արեգակի վերջին խաղերով ջրի և ամպերի հետ։ Հանկարծ լսեցի դռների մի արտասովոր դղրդյուն։ Մտա սենյակ և ինչ տեսնեմ․ Դրյագինը, շապիկի օձիքը պատառոտած, կուրծքը բաց, բազուկները հոլանի, կանգնած էր սենյակի մեջտեղում և բարձրաձայն բղավում էր դիվահարի պես։ Ինձ տեսնելով՝ նա լռեց, մռայլեց, հետո գլխով նշան արավ, որ մոտենամ իրեն. ես տեղիցս չշարժվեցի։ Վախենում էի, որ նա հարձակվի ինձ վրա, այնքան կասկածելի էր նրա տեսքը։ Բայց նա, ըստ երևույթին, մտադիր չէր ինձ վրա հարձակվելու։
— Այստեղ նայիր,— ասաց նա մի տեսակ խուլ ձայնով, որ կարծես գետնի տակից էր գալիս։
Նա իր հնամաշ և կարկատած վերարկվի տակից դուրս բերեց մի սատկած կատու, բարձրացրեց գլխից վեր և շարունակեց․
— Այս իմ փոքրիկն է, իմ զավակիկը։ Կինս չի ծնել սրան, բայց սպանել է շան աղջիկը։ Սպանել է իմ զավակին։ Այնպես չէ՞, Մուսիա, միու, կու, կու, սառել ես, տաքացիր ծոցումս։
Եվ նա համբուրեց սատկած կատվի դունչը, շոյեց նրա մազերը և սեղմեց իր կրծքին։
— Էյ, արմյաշկա, ես սրան սիրում էի աչքիս լուսի պես,— շարունակեց նա,— ամեն օր իմ ձեռքով կերակրում էի երեք անգամ։ Գիտե՞ս ինչ էի տալիս ուտելու,— գառան թոքեր, օրը մեկը։ Լսիր, արմյաշկա, քեզ ասած կլինեն, որ Սերգեյ Պոլիկարպովիչ Դրյագինը շատ հարբեցող է։ Ո՞վ է վիճում դրա դեմ, խմում եմ, բայց ես սկանդալիստ չեմ, ոչ ոքի չարություն չեմ անում, այո, չեմ անում։