Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձիրքերն իրանց թարմության և ստեղծագործական ուժի մեջ էին։

Սովորություն է դարձել ասել, թե նյութական անապահովությունը մտավոր աշխատավորի ճակատագրական չարիքն է։ Այս ընդհանրացած կարծիքը շատերն ընդունում են որպես անվիճելի ճշմարտություն և հաճախ նրան են վերագրում այս կամ այն աշխատավորի անբեղմնավորությունը, այնինչ հարյուրավոր օրինակներ կարելի է բերել աշխատանքի բոլոր ճյուղերից, ապացուցանելու համար, որ շատ դեպքերում չքավորությունն է եղել ստեղծագործության խթանը։ Ճիշտ է, նյութական կարիքը երբեմն ստեղծագործ տաղանդի բնականոն զարգացման ու ծավալման դեմ հարուցանում է խոչընդոտներ, բայց բյուր անգամ ավելի դյուրին է այդ, խոչընդոտները խորտակել ու անցնել, քան հաղթահարել հարստության չարիքն, այն է՝ մտավոր աշխատավորի մեղկությունը։ Երբ մի ստեղծագործող կարիք չունի իր և իր մերձավորների վաղվա ապրուստի մասին մտածելու, երբ մանավանդ նա ունի ավելին — հարստություն, շատ անգամ թուլանում է նրա աշխատասիրության ու եռանդի ուժը, ուրեմն և ստեղծագործելու փափագը։

Երբ ես հարվածում էի Հ. Ա-նի անփութությունը և պղերգությունը, նա ինձ պատասխանում էր մոտավորապես այս խոսքերով.

— Ինչո՞ւ համար աշխատեմ, քանի որ բախտն ինձ հովանավորում է, քանի որ ես ունեմ կյանքի բոլոր բարիքները վայելելու հնարավորություն, շնորհիվ իմ հայրական ժառանգության։ Փառքի, համբավի, մարդկանց հիացման և երախտագիտությա՞ն համար։ Իհարկե, հաճելի է լինել հարգանքի ու երկրպագության առարկա, բայց ես վստահ չեմ, որ մի օր կարող եմ դառնալ էդիսոն կամ Մարկոնի, ինչու՞ ուրեմն երիտասարդ կյանքս մաշեմ լաբորատորիայում, ինչու՞ իմ ներկայի երջանիկ ժամերը զոհաբերեմ ապագայի կասկածելի փառքին։

Ահա ինչու ես հավատացի նրա անկեղծությանը, երբ ասաց.

— Ես ամաչում եմ իմ անցյալից։