Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոչված «գործիչները» չեն մոռանում մերթ ընդ մերթ անհանգստացնել այն ամենքին, որոնց քսակը որոշ ծանրություն ունի, գալիս են երեք-չորս հոգով և դրամ աղերսում այս կամ այն «ազգօգուտ» գործի համար։ Այդ ժամանակ «բարեգործի» առանց այդ էլ մռայլ դեմքը մթագնում է, հոնքերը կիտվում են, և նա սկսում է քննադատել ու պարսավել, անպատճառ պարսավել «ազգային գործերն ու գործիչներին», ցույց տալու հպմար, թե ինքն էլ մի բան գիտե, և թող դիմողները չկարծեն, թե մի տգետի կամ մի տխմարի մոտ են եկել։ Հետո նա գանգատվում է, թե վերջին ժամանակներն առևտուրն ընկել է, «կրիզ է» և այլն և այլն։ Բայց ազգային գործիչները շատ լավ են ճանաչում նրան, գիտեն, որ մարդը ստում է, և նրա օձիքը բաց չեն թողնում մինչև որ մի բան կորզեն։ Եվ կորզում են։

Հին սերունդը, հավատալով «հանդերձյալ աշխարհի» գոյությանը և նրա «ահեղ դատաստանին» զգում է իր մեղքերը և երբեմն այն աստիճան, որ անձնական ապաշխարանքն ու աղոթքները քիչ է համարում իր մեղավոր հոգու փրկության համար և ահա մահվան անկողնում նրա աչքերի առջև ցցվում է Բեհեզեբուղի ահեղ կերպարանքը։ Սարսափը պաշարում է նրան, ի՞նչ անի, որ հանգիստ փչի իր հոգին։ Միջոցը միևնույնն է և միակն ամենուրեք, նախահայրերից ավանդված և սրբագործված—կաշառել աստծուն։ Եվ նա կաշառում է, հազար ու մի զրկողություններով, անեծքներով, թուք ու մրով վաստակած հարստության մի մասը կտակելով մի որևէ բարեգործական նպատակով կամ որևէ եկեղեցու։ Թող սերնդե-սերունդ հիշատակվի նրա անունը, թող մանավանդ եկեղեցում օրհնվի ու փառաբանվի, գուցե դրանով նրա հոգին ազատվի տարտարոսի տանջանքներից։ Ես չգիտեմ, ազատվում է նրա հոգին, թե չէ, գիտեմ, որ նրա անունը դրոշմվում է եկեղեցու ճակտին։

Այդպես է հին սերնդի վաճառականը։ Նա ունի և մի ուրիշ հատկություն, ոչ պակաս բնորոշ։ Ընտանեկան կյանքում նա, իհարկե, բռնակալ է, բայց ոչ իր հոր կամ պապի չափ պարզ, համարձակ։ Թող լինի ծայր աստիճան կամակոր ու պնդագլուխ, բայց չէ՞ որ նա ապրում է եվրոպական