Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրյագինին դուրս տանեն, նա ինձ համար խղճալի չէր, այլ զազրելի։

Մյուս օրը նա սովորական ժամին ներս մտավ այնպես, որ կարծես ոչինչ չէր պատահել։ Դռների առջև կանգնելով՝ նայեց աջ ու ձախ, վազեց նստեց և շարունակեց գրել, գրել, անվերջ գրել։ Ես սարսուռ էի զգում նրան նայելիս։

Վերջապես Համբարձում—բեգը մի առավոտ ինձ ասաց․

— Այժմ ձեռագիրդ բավական լավացել է։ Ատյանում շինարարական բաժնում Աղասի—բեգի սեղանում տեղ է բացվել։ Վաղվանից դու այնտեղ պետք է ծառայես, ամսական ռոճիկով։

Ահ, որքան ուրախ էի, որ ազատվեցի Դրյագինի հարևանությունից։ Բայց իմ մեծավորն այլևս բարեսիրտ Համբարձում-բեգը չէր, և դա ինձ համար զգալի կորուստ էր։ Բոլորովին տարբեր մարդ էր Աղասի-բեգը։ Առաջին իսկ օրից ես զգացի դեպի նա մի անզսպելի հակակրանք։ Իր ստորադրյալների վերաբերմամբ գոռոզ ու կոպիտ՝ նա դառնում էր պոչը փորի տակ թաքցրած աղվես, հենց որ դիմում էր իր մեծավորներին։ Ես չէի կարողանում պաղարյուն տեսնել նրա հաստ պարանոցը, լայն թիկունքները, անտաշ կազմվածքը և լսել նրա սուր, անախորժ ձայնը, որ ագռավի կռկռոցի էր նման։ Երբ նա առավոտները ներս էր մտնում, գրագիրները պարտավոր էին ոտքի ելնել և գլուխ տալ նրան։ Հակառակ Համբարձում—բեգի համեստ սովորության, նա ոչ ոքի ձեռը չէր սեղմում։ Գլուխը թեթևակի շարժելով իբրև պատասխան մեր բարևին՝ փքված հնդկահավի պես անցնում էր մեր մոտով, նստում էր և, թղթապանակը բանալով, անմիջապես սկսում էր նկատողություններ անել մեկին կամ մյուսին, ինչ էլ որ լիներ, ամեն օր մեզնից որևէ մեկը նրա թթու տրտունջների զոհն էր։

Գրագիրներից մեկը մի երիտասարդ թուրք էր։ նա ամեն օր ասում էր ինձ,—

— Քու արևը վկա, Ալեքսան, մի օր այդ խոզի գլուխը պիտի կտրեմ։

Մի անգամ մի հատիկ սխալիս համար ինձ հանդիմանելիս թույլ տվեց իրեն արտադրածս թուղթը երեսիս շպրտել։