հատկություններով, որոնցից մեկը հազվագյուտ էր այն ժամանակվա հայ հրապարակախոսների միջավայրում, այն է՝ անսահման ըզգաստություն բանակռվի մեջ։ Նա երբեք իր հակառակորդների վերաբերմամբ չէր գործածում անզուսպ լեզու, երբեք չէր վիրավորում նրանց անձնավորությունը կամ անհատական ինտիմ կյանքը։ Հակառակորդներն այդ աննման հատկությունը ճգնում էին նսեմացնել, անվանելով նրան երկչոտություն։ Բայց ես, որ ճանաչում էի Ալեքսանդրի ծնողներին և իմ պատանեկան տարիներն ապրել էի նրանց հարևանության մեջ Բաքվում, չնայելով մեր փոխադարձ սառնությանը, հակված էի նրա զգաստությունը վերագրել իր ընտանեկան կրթությանը։ Այն ժամանակվա Բաքվի նման ասիական կոշտ ու կոպիտ միջավայրում «հայրիկի» և «մայրիկի» բարի ու մեղմ բնույթը և ընդհանուրի կողմից վայելած հարգանքը բացառիկ երեվույթներ էին։
Մեր երկարամյա ծանոթության ընթացքում ես միայն մի անգամ Ալեքսանդր Քալանթարին տեսա կատաղության չափ վրդովված։ Եթե չեմ սխալվում, Թիֆլիսի հայ հրատարակչական ընկերության անդամների տարեկան ընդհանուր ժողովն էր քաղաքային ինքնավարության դահլիճում։ Նիստը բացվելուց առաջ, չգիտեմ ինչ առիթով, նրա և Ավետիք Արասխանյանի մեջ ծագեց բուռն վիճաբանություն։ «Մուրճ»ի խմբագիրը «Մշակ»-ի խմբագիր Քալանթարից պակաս մեղմաբարո մարդ չէր։ Բայց հանկարծ, միանգամայն անսպասելի, երկուսն էլ միաժամանակ բռնկվեցին և սկսեցին, թեև ոչ այնքան բարձր ձայնով, իրարու հասցեին ուղղել այնպիսի լուտանքներ և փողոցային հիշոցներ, որոնց նմանը ես երբեք, երբեք ոչ մեկի և ոչ մյուսի բերանից չէի լսել
— Ա՛յ տղա,— գոչեց Ղազարոս Աղայանը,— զոկերը գժվեցին։
Եվ, մեջ ընկնելով, նա իր հուժկու ձեռներով բաժանեց կռվողներին։
Ես հաճույքով Ալեքսանդր Քալանթարի հետ անցկացրի մի քանի ժամեր։ Նա ինձ հաղորդեց մեկը մյուսից տվելի տխուր լուրեր։
— Այժմ դաշնակցության դեմ կազմվել է թուրքերի