Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու մտավոր պահանջներ ունեն, քան ուրիշները։ Եթե այդպես լիներ, այդ մարդիկ մի անգամ Ֆրանսիան ու Փարիզը տեսնելով, այլևս ցանկություն չէին ունենալ տեսնելու, մինչդեռ գրեթե ամեն տարի նրանք վազում էին այնտեղ։

Շատ տիպիկ և ուսումնասիրության արժանի էր մեկն իմ հայրենակիցներից։ Նրա անունն էր Հովսեփ Գուլիշամբարով։ Նա եկել էր Պետերբուրգից Փարիզում առմիշտ հաստատվելու համար։ Պաշտոնաթող չինովնիկ էր «իսկական պետական գաղտնի խորհրդականի» տիտղոսով և մասնագիտությամբ ինժեներ֊տեխնոլոգ։ Տակավին առողջ ու կայտառ ծերունի էր մոտ վաթսուն տարեկան։ Պաշտոնական գործուղումներով շատ ճամփորդած մեկն էր թե՛ Ռուսիայում և թե՛ Եվրոպայում և Ամերիկայում։ Մի ժամանակ ցարական կառավարությունն, առանց նրա հետ կանխավ խորհրդակցելու, Բաքվի և Գրոզնիի նավթահանքերի վիճակը չէր կարգադրում։ Բոլոր սպեկուլյանտները նրան ճանաչում էին ու երկրպագում, սակայն քչերին էր նա ցույց տալիս իր հովանավորությունը։ Բացի ռուսականներից, նա պարգևատրված էր գրեթե բոլոր եվրոպական պետությունների շքանշաններով։ Փարիզ եկավ թե չէ, նրա առաջին գործն եղավ նոր հագուստներ պատվիրել և յուրաքանչյուր հագուստի օձիքին կպցնել ֆրանսիական պատվո շքանշանի կարմիր լաթի կտորը։ Նյութապես միանգամայն ապահով մարդ էր, ուներ իր աստիճանին վայել թոշակ և կլորիկ գումար բանկում։ Լատինական արվարձանում նա իր համար վարձեց մի կոկլիկ բնակարան և ինքը կահավորեց իր ճաշակով։

Թվում էր, թե մարդն ամեն ինչ ունի և կարող է իր ծերության տարիներն անցկացնել անհոգ։

— Գիտե՞ք,— ասաց նա ինձ հանկարծ մի օր,— ես ուզում եմ իմ կյանքին վերջ տալ։

— Ինչո՞ւ,— հարցրի ես անտարբեր, կարծելով, թե մարդը կատակ է անում։

— Հենց այնպես, ձանձրացել եմ։ Ձեզ անհավատալի է թվում ասածս, բայց ես լուրջ եմ ասում, ես այլևս ապրել չեմ ուզում։

— Բայց պատճա՞ռը։