Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շուտով նա ստանում է հրատարակության իրավունքը և դառնում է խմբագիր-հրատարակիչ «Աղբյուր» ամսագրի։ Բայց նա դրանով չի բավականանում։ Ի՜նչ մեծ բան է մանուկներին դաստիարակել, ինչո՞ւ չի կարելի հանձն առնել և հասակավորների կրթությունը։ Եվ ահա նա սկսում է աշխատել այդ ուղղությամբ և ստանում է «Տարազ» շաբաթաթերթի իրավունքը։ Ինչո՞ւ «Տարազ» և ոչ ուրիշ, մի պատշաճ անուն։ Որովհետև Տիգրան Նազարյանը խելոք մարդ է, նա գիտե, որ եթե ուրիշ անուն տար շաբաթաթերթին, կառավարությունից թույլտվություն չէր ստանալ։ Տարազ կնշանակե հագուստի ձև, ու թերթը պիտի լինի կար ու ձևի ուղեցույց — Журнал для мод կամ Модный журнал, մի անմեղ բան, որ կապ չոսնի գրականության, հրապարակախոսության, մանավանդ քաղաքականության հետ։ Արդարև, «Տարազ»-ի առաջին համարները լույս են տեսնում զանազան կանացի զգեստների, գլխարկների և մանեկենների նկարներով։ Դժբախտաբար, հրապարակախոս հռչակվելու փափագը մի անգամ առ միշտ թունավորել է Տիգրան Նազարյանին։ Ճշմարիտ է, նրա երկու պարբերականները միասին վերցրած հարյուր բաժանորդ չունեն, բայց փաստը մնում է փաստ, Տիգրան Նազարյանը խմբագիր-հրատարակիչ է։ Մի քանի գովասանական հոդվածներով և ակնարկներով նա կարողանում է գրավել Գրիգոր Արծրունու բարեկամությունը, և «Մշակ»-ը նրան վերցնում է իր թևերի տակ։

Շուտով Գաբրիել Միրզոյանը Տիգրան Նազարյանի համար դառնում է ձանձրալի։ Նա կարողանում է ազատվել այդ հավակնոտ մարդու ընկերությունից, իսկ Ղաղարոս Աղայանի հետ շարունակում է իր բարեկամությունը։

Մեռնում է Գրիգոր Արծրունին, նրա ժառանգները գժտվում են Տիգրան Նազարյանի հետ, խեղճ մարդը զրկվում է «Մշակ»-ի հովանավորությունից։ Բայց Տիգրան Նազարյանն այն մարդկանցից չի, որոնք այդպիսի չնչին բաներից հուսալքվում են։ Նա ունի զարմանալի ընդունակություն ծաղրի, անարգանքի և կոպտությունների դեմ մաքառելու, ոչ այնքան գրչով, որքան լռությամբ և համբերությամբ։ Նրա գրիչը ուժ չունի, նա նույնիսկ գրել էլ չգիտե, չեմ ասում տաղանդավոր