Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արտասանելով՝ «աղվեսն էլ այստեղ է»։ Մեկը նստած է ճաշարանի միբանկյունում, մյուսը նստում է հակառակ անկյունում։ Երկուսն էլ անտարբեր են ձևանում, բայց երբեմն ակնոցների միջով գաղտուկ նայում են միմյանց և հետո սրախոսում իրարու մասին իրանց սեղանակիցների հետ։

Օաֆֆին շատ չափավոր ուտող էր։ Իբրև արևելցի, խմորեղեն և բուսեղեն կերակուրներ գերադասում էր մսեղենից, թեև նրա մարսողությունը խանգարված էր։ Նա ուներ ստամոքսի կատար, որ շատ անգամ ազդում էր նրա հոգեկան տրամադրության վրա։ Խմում էր նույնպես շատ չափավոր։ Ճաշից առաջ ընդունում է մի փոքրիկ բաժակ օղի, ճաշի միջոցին — մի կամ երկու բաժակ գինի։ Երբեմն գարեջուր էր խըմում, բայց շատ հազիվ և շատ քիչ քանակությամբ։ Ժամանակ առ ժամանակ ախորժակով հիշում էր զանազան արևելյան կերակուրներ։ Մտաբերում եմ այն րոպեները, երբ նա և Ստեփանոս Զելինսկին ճաշից առաջ, քաղցած ստամոքսի թելադրությամբ, հրճվանքով նկարագրում էին հայկական և պարսկական կերակուրներ պատրաստելու եղանակը, համը, հոտը, երբեմն լրջորեն վիճաբանելով միմյանց հետ։ Երկուսն էլ կատար ունեին, երկուսն էլ խոսել գիտեին, իսկ ուտելում շատ էլ քաջ չէին։

Ճաշից հետո Րաֆֆին սովորություն ուներ երկու-երեք ժամ ոտով զբոսնելու։ Այժմ էլ կենդանի կանգնած է նա աչքիս առջև, ձմեռային բավական երկար սևագույն վերարկուն մինչև կոկորդը կոճկած, մորթե գդակը գլխին, թանձր, կապույտ ակնոցներով։ Անցնում էր նա Գոլովինսկի պրոսպեկտով գլուխը բարձր պահած, ծանր, հավասար քայլերով, ստեպ-ստեպ նայելով գետնին։ Արտաքուստ անցորդների վրա մի հասարակ վաճառականի տպավորություն էր անում։ Բայց այդ միայն դրսումը, իսկ տանը, երբ նրա գդակը գլխին չէր, երբ նրա լայն ու խելոք ճակատը բաց էր, միանգամայն կերպարանափոխվում էր։

Մի տարօրինակ զույգ էին ներկայացնում Օաֆֆին և Աղայանցը միասին զբոսնելիս։ Մեկը փոքրահասակ, գդակը աչքերին քաշած, հանգիստ քայլվածքով, մյուսը—բարձրահասակ, հաղթանդամ, քայլերը խոշոր, հսկայական։