Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԸ

(Իմ հիշողություններից)

Տասն ու երեք տարի սրանից առաջ, այն է 1919 թվականին, որոշեցի կատարել երկարատև ճամփորդություն մի շարք անձնական անախորժություններ ցրելու և հոգեպես հանգստանալու նպատակով։ Ծրագրել էի անցնել Կ. Պոլիս, այնտեղից Իզմիր և Մարմարայի ու Միջերկրականի Կիլիկիան և Սիրիայի ափերով գնալ երկու-երեք ամսով Եգիպտոս։ Այնտեղից մտադիր էի Ջիբրալտարի նեղուցով անցնել Ատլանտյան օվկիանոս։

Ճամփորդությանս վերջնակետն էր Ամերիկան, կամ, ճիշտն ասած, Կալիֆորնիան։

Ինչպես տեսնում եք, ծրագիրս բավական մեծ էր. նրա իրագործումը պահանջում էր առնվազն մեկուկես տարի, ուստի վճռել էի Կ. Պոլսում մնալ ոչ ավելի, քան երկու շաբաթ։ Սակայն հայտնի է, որ մարդը նախադրում է, հանգամանքները կարգադրում են։ Իմ հանգամանքները, բացի բարոյականից, և նյութականից էին, հետևաբար ստիպված էի Թուրքիայի մայրաքաղաքում նստել մոտ երեք ամիս։

***

Ես իջևանել էի Թոքաթլյանի հյուրանոցում, որ իր մաքրությամբ և եվրոպական հարմարություններով (Կ․ Պոլսում) ամենայն իրավամբ առաջինն էր համարվում։