Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օտյանի աչքերը կապտագույն էին, ոչ այնքան խոշոր, որքան սուր, հոնքերը սև, քիթը մի քիչ արծվային, այսինքն կեռ։

— Երվանդ Օտյանը,— ասացի ես, ուրախանալով և ընկերաբար ղրկելով նրան, նստեցրի քովս, գահավորակի վրա։

Սովորական «բարի գալստից» հետո նա մի զննող հայացք ձգեց աջ ու ձախ և մի տեսակ հոգնած բարիտոնային ձայնով հարցրեց.

— Գո՞հ եք հյուրանոցեն։

— Ավելին պահանջելու կարիք չեմ զգում։

— Ծովը հանգի՞ստ էր, չնեղվեցաք ճամփին։

— Ամենևին։

— Բոսֆոր հավանեցա՞ք։

— Զմայլելի էր։

— Կվախենամ, որ նույնը չպիտի ըսեք Պոլսո համար։

— Ինչո՞ւ։

— Պոլիս գեղեցիկ է ծովեն ու միայն ծովեն։

— Բայց...

— Ոչ, ոչ, մի ըսեք։ Դրսեն եկող ճամփորդներ չպիտի նավեն իջնան, պիտի հեռվեն նայեն ու երթան...

Եվ իսկույն ևեթ, մեղմիկ ժպտալով, ավելացրեց.

— Սակայն չեմ կամենար ըսել, թե դուք ալ նույնը պիտի ընեք։ Մենք չպիտի թույլ տանք, որ դուք մեզնե շուտ բաժնվիք։ Արմիստիսեն հետո առաջին ռուսահայ գրողն եք, որ մեզի կայցելեք։

— Շնորհակալ եմ։

— Կծխե՞ք,— հարցրեց նա, գրպանից դուրս բերելով իր ծխախոտատուփը։

— Ահ, ներեցեք,— գոչեցի ես,— ձեզ տեսնելու ուրախությունից մոռացա ձեզ առաջարկել։

— Հաճեցեք իմը փորձել,— հրաժարվեց նա իմ ծխախոտից։— Լավագույն ծխախոտի հայրենիքը Թուրքիան է։

— Ասացեք, ի՞նչ վիճակումն է այժմ Թուրքիան, ուզում եմ ասել՝ Պոլիսը,— հետաքրքրվեցի ես։

— Պոլիսը հիմա կնմանի մեծահարուստ այրուհու մը։

Անոր ամուսնուն դիակը տակավին գերեզման չէ մտեր, փեսացուներ եկեր, շրջապատեր են զինքը, կուզեն ամուսնանալ։