Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այն ատեն հիմար ոչխարները նորեն կմնան խելոք գայլերու մագիլներուն մեջ։

Օտյանը նորեն հառաչեց ու գլուխը թեքեց իր նիհար կրծքին։ Չնայելով նրա կիսակատակ խոսակցությանը, այդ պահին նա ինձ թվաց մարմնացած վիշտ։ Ապագայում մի քիչ ավելի ծանոթանալով, նկատեցի, որ այժմ կատակը նրա համար դարձել է ավելի քան արվեստ, մի տեսակ հակաթույն իր սրտի մորմոքը մի քիչ մեղմացնելու համար։ Արդարև, ծաղրելին ծաղրելով ու ծիծաղեցնելով, նա ինքը չգիտեր ծիծաղել, գոնե ես ոչ մի անգամ չտեսա նրան լսելի ձայնով ծիծաղելիս։

Ինձ հայտնի էր, որ Երվանդ Օտյանն էլ մյուս հայ մտավորականների հետ ձերբակալվել էր ու աքսորվել անապատի խորքերը։ Ձերբակալման մասին տարիներ անցած ինձ պատմեց նկարիչ Փանոս Թեռլեմեզյանը, որ իմ ժամանակ Կ․ Պոլսումն էր։ Այդ դեպքումն էլ արտահայտվել էր Օտյանի ինքնուրույն բարոյականի նկարագիրը։ Երբ սկսվում է հալածանքը հայերի դեմ, Օտյանը թաքնվում է մի շատ ապահով տեղ։ Նա մնում է այնտեղ մի ամբողջ ամիս և զարմանում է, որ ինքը չի ձերբակալվել։ «Ինչու՞ մտածում է նա, մի՞թե ես դավաճան եմ իմ ազգի և բարեկամների դեմ»։ Մի օր նա դուրս է գալիս թաքստից և զբոսնում է Բերայում։ Նույն օրն ևեթ նա ձերբակալվում է։

Իհարկե ինձ համար հետաքրքրական էր գիտենալ նաև, թե ինչպես է նա մահից ազատվել։ Բայց որովհետև նա ինքը չէր խոսում այդ մասին և հետո էլ չխոսեց մինչև վերջը, ես բարվոք համարեցի չքրքրել նրա տակավին չսպիացած վերքերը։

Ապագայում նրա ազատման հանգամանքներն ինձ պատմեցին ուրիշները։ Դժբախտաբար, ես կորցրել եմ իմ հուշատետրը, ուստի չեմ կարող ճշտությամբ արձանագրել իմ լսածները, բացի մեկից, որ մնացել է վառ իմ հոգնած հիշողության մեջ։ Դեպքի պատմությունը լսել եմ Իզմիրում՝ մի երիտասարդից։ Նրա անունն ես չեմ հիշում, բայց համոզված եմ, որ նա մի օր կվավերացնի իմ ասելիքը, եթե, իհարկե, ներկա տողերը կարդալու առիթ ունենա։