Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անգամը չէ, որ կխածնե։ Չպիտի մտահոգվեք։ Ես ամենքին կըսեմ, որ լուսանկար ցուցնողն ես եմ եղեր։ Չպիտի հրաժարվեք ընթերցանությունեն։ Լիգան սրահի վարձը վճարած է, տոմսակներն ամբողջովին սպառված են, լրագիրներ հայտարարել են։ Չըլլար...

Դրությունս անտանելի էր, ի՞նչ անեի։

Խնդիրը լուծեց ինքը բանաստեղծուհին, Օտյանի զոհը։

Հետևյալ օրը կեսօրին, երբ դրսից հյուրանոց եկա, դռնապանը հայտնեց, թե սալոնում ինձ մի տիկին է սպասում։


Բանաստեղծուհին էր՝ ձեռքում մի գեղեցիկ փունջ։

— Օրիորդ Մարդարտին համար եմ բերեր,— ասաց նա, իմ շփոթված բարևն ընդունելով սովորական ժպիտով։

Ընթերցանությունս կայացավ։

Առհասարակ Երվանդ Օտյանը ծայրահեղ էր թե ատելության և թե՛ սիրո մեջ։ Գուրգուրելու և խայթելու միջին ճանապարհը նրա համար գոյություն չուներ։ Ահա ինչ ասաց նա մի անգամ...

«Օր մը ես գացի Պթի-շան տեսնելու մեր մեծահամբավ դերասանուհի X-ի խաղը։ Տեսա, շատ հավնեցա, շատ ծափահարեցի, անգամ ձեռքն ալ համբուրեցի։ Տուն գալով, լրագրի մը համար գրեցի քննադատություն մը, խաղը գովաբանեցի, ըսելով դերասանուհի X․․․ հայ թատրոնի աստղն է»։ Կարծեցի, որ տիկինը գրած ես շատ գոհ պիտի ըլլա ու ինձմե ալ շնորհակալ։ Սակայն հետևյալ օրն անորմե նամակ մը առի, ուր նա իր վրդովմունքը կհայտներ իմ որակման դեմ։ Կդժգոհեր, որ ես իրեն «աստղ» եմ անվաներ, չէ թե «արեգակ»։ Ատիկա ինձ զայրացուց, ու ես իրեն պատասխանեցի. «Տիկին, ներողամիտ եղեք, սխալվել եմ, կզղջամ, դուք աստղ չեք, այլ համաստեղ, «արջ» համաստեղը»։

***

Ես չեմ տեսել մի հայ գրող, որի հետ այնքան հաճելի և ուսանելի լիներ գրականության մասին խոսելն ու վիճաբանելը, որքան Երվանդ Օտյանի հետ։ Գեղարվեստական գրականության վերաբերմամբ նրա պաշարն անսպառ էր։