Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճաշի միջոցին ես նրանց դիտում էի հիացմամբ։ Դա ինձ համար մի տեսակ զվարճություն էր։ Չգիտեի՝ ծիծաղեմ, թե խղճամ, կամ արհամարհեմ այդ հսկային, որ յուրաքանչյուր պատառը բերանը դնելիս տատամսոտ հայացքով նայում էր թզուկի երեսին։

Դատարկելով երկու շնչով գինու առաջին շիշը, Թաթոսը վեր կացավ, որ երկրորդը դուրս բերի խուրջինից։

— Ավելորդ է,— սաստեց նրան Ոսկանը,— ծովի վրա պիտի քիչ խմել և քիչ ուտել։

Նավաստիները փոթորիկ էին գուշակում, սակայն այդ օրն էլ անցավ խաղաղ։ Երկրորդ գիշերն անցկացրինք Պետրովսկի նավահանգստում։ Մինչև լույս Թաթոսն այնպես էր խռմփացնում, որ ես հազիվ կարողացա լուսադեմին մի քիչ քնել։ Առավոտյան շոգենավը կայարանից անջատվեց թանձր մառախուղի մեջ։ Կեսօրին բարձրացավ ներհակ քամին։ Նավն սկսեց երերալ, կարծես մեզ նախազգուշացնելու համար, բայց այդ մեզ չխանգարեց ժամանակին ճաշի նստելու և ախորժակով ուտելու։

Եղուշը և շոգենավի գործակատարը հարբեցին ու սկսեցին կատակներ անել Ոսկանի և Թաթոսի հետ, պարզ ակնարկներով ծաղրելով թե մեկին և թե մյուսին։ Թաթոսը բարեսրտաբար ժպտում էր, ցույց տալով ձիու խոշոր ատամները, իսկ Ոսկանը վիրավորվում էր ու զայրանում։ Մի անգամ նա ոտքի ելավ, ձեռքը դրեց դաշույնի վրա և գլուխը ցցեց կռվի պատրաստ աքաղաղի պես։ Եղուշն ու գործակատարը քրքջացին։

Բարեբախտաբար, բնությունը ժամանակին միջամտեց, թե չէ չգիտեմ ինչ պիտի պատահեր։ Լսվեց մի խուլ թնդյուն, ամեն ինչ երերվեց, և Դաղստանի հերոսը արմատից կտրված սունկի պես ընկավ Թաթոսի գիրկը։

— Սկսվեց,— գոչեց ծերունի վաճառականը։

— Ոսկան, վեր կաց, սիրտս խառնեց,— ասաց Թաթոսը, ձեռը դնելով բերանի վրա, դեմքը ծռելով։

— Ես քեզ չէի՜ ասում՝ քիչ կեր,— գոչեց Ոսկանը, հազիվ կարողանալով ոտքի կանգնել։ Եվ արխալուղի գրպանից դուրս բերավ մի բուռ չորացրած