Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարածած աջ և ձախ։ Չորացած սալորը նրան չէր օգնել, թեև, ինչպես երևում էր շուրջը թափված կորիզներից, շատ էր կերել։ Նրա փոքրիկ գլուխն անզոր ընկել էր կրծքի վրա և օրորվում էր աջ և ձախ՝ թելի վրա կախած տանձի նման։ Սակայն դեմքը չէր կորցրել սովորական հպարտությունը, իսկ դաշույնի արծաթապատ կոթը ցցվել էր փորի վրա, որպես հավիտենական սպառնալիք աներևույթ թշնամիներին։

— Ոսկան, Ոսկան,— դարձյալ լսվեց Թաթոսի ձայնը,— ես մեռնում եմ, տերտեր...

Մի վայրկյան Ոսկանը գլուխը բարձրացրեց, նայեց պղտոր հայացքով աջ ու ձախ, ուժգին բխկաց և գլուխը թեքեց դեպի հատակը։

Այս տեսարանը պղտորեց իմ սիրտը։ Ուժասպառ ընկա բազմոցի վրա։ Ապագայում ես բավական ճամփորդել եմ մեծ ու փոքր շոգենավերով, բայց ոչ մի անգամ փոթորիկն ինձ այդքան չի խառնարկել նույնիսկ Ատլանտյան օվկիանոսի վրա։

Փոթորիկը տևեց երկու գիշեր և երկու օր։ Բանն այն է, որ շոգենավի կողմնացույցը ջարդուփշուր էր եղել, նավապետն ինքն էլ չգիտեր՝ ուր ենք գնում թանձր մառախուղի մեջ։ Նրա ձայնն այլևս նախկին վստահությամբ չէր հնչում։ Մարդն ընկճվել էր նկատվելու չափ։

Երկու անգամ սխալմամբ վերադարձանք գրեթե մինչև Պետրովսկ և նորեն կտրեցինք նույն ճանապարհը, միշտ պտտելով փոթորկի սահմաններում։ Վերջապես, չորրորդ օրը եղանակը փոքր-ինչ մեղմացավ։ Ես կարողացա տախտակամած դուրս գալ։ Ջուրը փոխել էր իր գույնը։ Հոգնած և կիսով չափ ջախջախված նավն այլևս երկյուղ չուներ նրանից։ Մահից ազատվել էր, բայց դեռ տնքում էր իր մարմնի բոլոր մասերով։ Երկինքը տակավին ամպամած էր, մառախուղը փարատվում էր դանդաղությամբ։

— Ի՜նը ֆուտը, ի՜նը ֆուտը,— գոռացին հանկարծ մի քանի նավաստիներ ուրախ ձայնով։

«Ինը ֆուտը» կոչվում է այնտեղ, ուր Վոլգա գետը խառնվում է ծովին և ջրերին տալիս է դեղին սեխի գույն իր հետ բերած տիղմի շնորհիվ։