բայց չեմ կարողացել հետևել նրա ձայնին։ Ես ունեի հայր, որին հարգում էին, որից վախենում էին, իր ճշմարտասիրության համար, և որին, սակայն, շատ շատերը չէին սիրում նույն պատճառով։ Նա հպարտ էր և ստի ու կեղծիքի թշնամի։ Չափազանց զորեղ էր նրա ըմբոստ արյունն երակներիս մեջ, որպեսզի ընդունակ չլինեի իրերն իսկական անունով անվանել։ Ահա ինչու միշտ տուժել եմ, միշտ հալածվել նույնիսկ բարեկամներից։
Այն անձը, որի անունով հանձնարարական նամակ էի բերել իմ մեծավորից, առաջին իսկ հայացքով ինձ հակակրանք ներշնչեց։ Դա մի կարմիր երեսով, կարմիր ականջներով, դեղնագույն փոքրիկ աչքերով երիտասարդ էր, որի ամեն մի ձևից ու շարժումից մեծամտություն էր բուրում։ Ներկված, հղկված մի պաճույճ, ներսը լեցուն փշերով ու ասեղներով։
Երբ ներկայացա նրան, ոչ բարևիս պատասխանեց, ոչ երեսիս նայեց, շարունակելով ինչ-որ հրամաններ տալ իր շուրջը ժողոված մի խումբ երիտասարդների, որ երևի նրա փոքրավորներն էին։ Իսկ երբ կարդաց իմ բարեկամի նամակը, նրա առաջին հարցն էր․
— Դուք ի՞նչ ազգից եք։
— Հայ։
— Հա՛յ, ըհը, հայ,— կրկնեց նա մի քանի անգամ և ապա դարձավ իր նման մի երիտասարդի.— Վյաչեսլավ, ի՞նչ բան է հայը։
— Շիշլիկ, բոզբաշ, Կարապետ,— պատասխանեց Վյալեսլավ կոչվածը։
Եվ երկուսն էլ ծիծաղեցին իրենց սրախոսության վրա։
— Պարոն,— ասացի ես դեղնագույն աչքերով երիտասարդին,— նախքան սրախոսելը բարի եղեք կատարելու ձեր բարեկամի հանձնարարությունը։
— Դուք շտապո՞ւմ եք։
— Չեմ շտապում, բայց քանի որ դուք թույլ տվիք ձեզ ծաղրելու իմ ազգությունը, բարվոք եմ համարում որքան կարելի է շուտ հեռանալ այստեղից։
Ըստ երևույթին դիմացինիս քաջությունն այնքան հանդուգն