Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չգիտեմ, միայն նա գանգատվում է ձեզ վրա և խնդրում է, որ այլևս ձեզ չուղարկեմ նրա մոտ։

— Բայց արդյոք գրո՞ւմ է, որ հենց առաջին օրը նա թույլ տվեց իրեն իմ ազգությունը ծաղրելու։

— Երևի կատակ է արել։

— Պարոն, կան բաներ, որոնց վերաբերյալ կատակը ներելի չէ։

— Ի՞նչ թունդ ազգասեր եք, երիտասարդ,— հեգնեց լեհացին։

— Ինչպես և դուք լեհացիներդ,— գոչեցի ես գրգռված։

— Մնացեք բարով։

Դա մի թշվառ օր էր ինձ համար։ Մեկն այն դառն օրերից, որ մարդու սրտի վրա խոր ակոսներ են գցում հավիտյան չջնջվելու համար։

Տխուր, հուսահատ՝ ես ամբողջ օրը թափառեցի ծովափում։ Չէի ուզում նայել ծովին, որ այնքան երազներ էր ներշնչել ինձ և այնպես հուսախաբ արել։

Գալով տուն, քաջություն չունեցա եղելությունը մորաքրոջս հայտնելու։ Գիտեի, որ նա պիտի վշտանա ավելի, քան ես։

Քիչ ժամանակ անց Շամախուց եկան մայրս և քույրերիցս մեկը. մյուսն ամուսնացել էր։ Մորաքույրս գրել էր նրանց իմ պաշտոնի ու երջանիկ ճամփորդության մասին, և նրանք շտապել էին տեղափոխվել Բաքու։

Փողոցում դռների առջև կանգնած էր ֆուրգոնի տեր մալականը, երկու մետր բարձրությամբ մի երիտասարդ հսկա։ Մտրակը ձեռքին նա սպասում էր իր վարձին։

— Ինչքա՞ն պիտի վճարել,— հարցրի ես, հազիվ ազատվելով մորս գրկից։

— Տասն և յոթ ռուբլի։

Գրպանումս ունեի քառասուն կոպեկ։

— Մենք շատ էժան եկանք,— ավելացրեց մայրս ուրախ ժպիտը երեսին։— Ինչ ունեինք— հավաքել բերել ենք։

— Սոնա,— դու փողի մասին մի մտածիր,— միջամտեց