Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ, հեռու ինձնից նման մտքեր, ինչ լինելու է, թող ի՛նձ լինի։

— Եկ գնանք ոստիկանատուն,— գոչեց մալականը, կանգ առնելով,— ե՛ս հոգնեցի։— Նա թևս բռնեց իր ուժեղ ձեռքով։ Մթության մեջ փայլատակեցին նրա աչքերը։

Ես ցնցվեցի, կարծես իմ աչքի առջև ծառացավ մի կատաղի գայլ։

— Գնանք,— ասացի ես, երեսս շուռ տալով։

Ավելի լավ է բանտ նստել, քան ստել, խաբել մարդուն։

— Ես կտանեի քեզ ոստիկանատուն, եթե ձիերս փողոցում թողած չլինեի։ Նրանք անոթի են, ես հոգնած եմ, դու ամոթ չունես։

«Դու ամոթ չունես»։ Ապագայում կյանքի բովի մեջ ես շատ անգամ եմ լսել մեկի կողմից մյուսի երեսին գցված այդ դարձվածքը, և ինձ միշտ թվացել է, որ մարդու ինքնասիրության համար ավելի մեծ անարգանք չի կարող լինել։

Ի՞նչ կարող էի պատասխանել կառապանին. նա ուներ իրավունք ինձ անարգելու։ Բայց ես ամոթ ունեի, և այդ էր, որ ինձ տանջում էր։ Այդ էր, որ ես յոթ անգամ անցա ետ ու առաջ մի աղոտ լուսավորված խանութի առջևով և չհամարձակվեցի ներս մտնել։

Խանութի տերերն էին մորս ամենամեծ քրոջ որդիները, որոնց հետ իմ հարաբերությունները շատ էլ բարեկամական չէին։ Սակայն դա իմ միակ փրկությունն էր։ Ես նորից լսեցի երկայն մտրակի շաչյունը, որ ինձ համար հավասար էր ետևիցս սողացող օձի վշշոցին։ Ես խեղդեցի իմ մեջ ինքնասիրությունս, սրբազնագույնը բոլոր զգացումներից։ Մտա խանութ։

Առաջին փոխառությու՜ն։ Ես չգիտեմ, կա՞ արդյոք դրանից ավելի վիրավորական զգացում մարդկային ինքնասիրության համար։ Որքան անբարեհամբույր և դաժան երևացին ինձ այն մարդիկ, որոնք իսկապես դաժան չէին, այլ միայն վաճառականներ։ Մի պահ կամեցա դուրս գալ, փախչել, բայց արդեն ուշ էր։ Դռների մեջ կանգնած էր մալականի սպառնալի կերպարանքը։ Նա փակում էր իմ փախուստի ճանապարհը։