Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այ անխելքներ, դուք, որ ձեզ կռտել եք, աշխարհից ի՞նչ լազաթ եք տեսնում։

Եվ ներքինիները կատաղելով՝ թքում, փախչում էին իրենց խանութի ետև։ Նրանք Սահակ դայիին խելագար էին համարում։ Ես նրանց հետ համաձայն չէի։

Սահակ դային ասում էր․

— Գիտես, Մինասի աղա, ես Մահամմադին ավելի եմ սիրում, քան Քրիստոսին։ Ղուռանն ասում է․ «Ինչքան կնիկ ուզում ես, վերցրու քեփ արա»։ Քn Քրիստոսն ի՞նչ է ասում. «Տանջվիր, տապակվիր, չեմ թողնիլ, որ մեկից ավելի կնիկ առնես»։ Մի հարցնող լինի՝ «ա՛ Քրիստոս, քե՛զ ինչ։ Մարդուն դու՞ ես ստեղծել, որ նրա մեղրի զորությունն իմանաս։ Ի՞նչ ես կոտրած գդալի պես մեջտեղ ընկնում քո ավետարանով։ Փահ, «աստծու որդին եմ»։ Հա, ինչպե՜ս չէ։ Աստված պսակվա՞ծ էր, որ որդի ունենար։ Ու՞մ ես ուզում խաբել, ա՜ Քրիստոս։ Չէ, մի հատիկ կնիկ պետք է ունենաս, էն էլ կուզ է, կաղ է, քաչալ է, պիտի մինչև մահ պահես»։— Տես, Մինասի աղա, օրինակի համար եմ ասում։ Եթե ես մեկի տեղ վեց կնիկ ունենայի, ոչ մինը չէր մեռնիլ, որովհետև եթե մեկ շապիկ ունես, իհարկե, կմաշվի, բայց որ շատ ունենաս, ամեն օր մեկը կհագնես — չի մաշվիլ։

Մի օր Սահակ դային ներս մտավ շատ հուզված, գրասենյակում ոչ ոք չկար, բացի ինձանից։

— Գիտե՞ս որտեղից եմ գալիս, Մինասի աղա,— ասաց նա գրասեղանիս մոտ նստելով։

— Ո՞րտեղից։

— Թուրքերի հին գերեզմանատնից, որ հիմի քանդում են։ Այ, տես։

Աջ ու ձախ նայելով՝ նա արխալուղի գրպանից դուրս բերեց մի մարդու գանգ և դրեց գրասեղանի վրա։

— Այդ ինչու՞ համար ես բերել, Սահակ դայի։

— Համբերիր, կասեմ։ Էդ անօրեն ռուսները ոչ խղճմտանք ունեն, ոչ ամոթ։ Թուրքերի գերեզմանատունը քանդում են, որ տեղը ռուսաց եկեղեցի շինեն, կասես մարդու գերեզմանն իրենց ծուռ խաչից պակաս սրբություն է։ Էս գլուխն ընկած էր ցեխի մեջ։ Վերցրի տարա աղբյուրի տակ