Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա փիլիսոփայորեն քննում, վերաքննում էր ազգերի ու պետությունների վիճակը և յուրաքանչյուրի տեղը որոշում անցյալ, ներկա և մանավանդ ապագա պատմության մեջ։ Ցինիկ չէր Սահակ դայիի պես, բայց չէր հարգում ոչ օրենքներ, ոչ կրոն, ոչ ավանդություններ։ Բացարձակապես ժխտում էր հոգու գոյությունը։ Նրա կրոնն ու հավատը դրական գիտություններն էին։ Նոր խաղալիք ստացած երեխայի պես ուրախանում և հափշտակվում էր, երբ լրագրերում կարդում էր գիտական կամ գործնական մի նոր գյուտի մասին։ Իսկ երբ միրզա Սերոբը ոգևորվում էր, հնար չկար նրան լռեցնելու. վա՛յ այն մարդուն, որ այդ միջոցներին կփորձեր որևէ կասկած հայտնել գիտության զորության մասին։ Այդպիսուն բառի բուն նշանակությամբ սեղմում էր պատին, բռնում էր նրա սյուրտուկի կամ պիջակի օձիքը, այնքան քարոզում, որ հակառակորդը թափահարված և ուժասպառ կամ համոզվում էր, կամ, օձիքն ազատելով, փախչում էր, մտքում երդվելով այլևս չվիճաբանել նրա հետ։ Այդ պահերին միրզա Սերոբը հոգեկան խորին հաճույքից ձեռները կցում էր իրարու, մոտեցնում էր իր երկարավուն սրածայր քթին և տրորում, կարծես ափերի մեջ մի բան էր ոլորում։ Եվ սկսում էր մի քանի րոպե անցուդարձ անել խոշոր քայլերով, ամբողջ իրանով երերվելով, ինչպես ուղտի վրա արշավող մեկը։

Միրզա Սերոբն ամուրի էր։ Նա ամուսնությունը հերքում էր։ Կանանց մասին շատ քիչ էր խոսում, այն էլ միշտ բացասաբար։ Թե ինչպես էր ապրում անձնապես, չգիտեմ։ Նա երբեք չէր խոսում կյանքի առօրյա պիտույքների մասին։ Նրա հագուստն ամառ-ձմեռ միևնույնն էր — երկայն փեշերով մոխրագույն սյուրտուկ, կարկատած կոշիկներ, հնամաշ ֆուրաժկա, մի կտոր սև ժապավեն, իբր թե փողկապ։

Միրզա Սերոբը լավատես էր անսահման։ Նրա իդեալն էր ընդհանուր մարդկության մերձավոր երջանկությունը, որին հավատում էր խորապես։ Նա աստվածացնում էր բնությունը, պաշտելով նրա անխախտելի օրենքները։ Տիեզերքի անհունության մեջ մարդն էր գերագույն ստեղծագործությունը։