տվեց, այլև որոշեց տարեկան վճարել 500 ռուբլի գրադարանի ծախքերի համար։
Ես հրավիրվեցի գրապահ։
Երջանիկ էի, որ վերջապես ընկա իմ սիրած տարերքի մեջ, ինչպես ցորենի շտեմարան գցված հավ։ Առաջին 500 ռուբլով մենք Մոսկվայից բերել տվեցինք մի շարք ընտիր գրքեր, մեծ մասամբ գիտական, քաղաքատնտեսական և փիլիսոփայական բովանդակությամբ։ Ցուցակը կազմելու մեջ ինձ օգնել էր պետական ժողովրդական դպրոցների վերատեսուչ Բեգլար Ստեփանյանը — մի շատ զարգացած մարդ։ Այդ ժամանակ էր, որ ես նորադարձի ջերմեռանդությամբ նվիրվեցի ընթերցանության։ Որոշ ծրագիր կամ ուղեցույց չունեի, կարդում էի՝ ինչ որ տեսնում էի, այսօր Հերբերտ Սպենսեր, վաղը Լասսալ, Ռիկարդո, Սեն-Սիմոն, Պրուդոն և այլն։
Հեղափոխական գրականությանը ծանոթացել եմ մեջ առ մեջ։ Գեղեցիկ գրականության ընթերցումն սկսել եմ արկածային կամ քրեական արյունռուշտ վեպերից, հետո միայն անցել լուրջ վիպասանության և բանաստեղծության։
Բայց ինձ վիճակված չէր երկար ժամանակ մնալ իմ պաշտոնում։ Մի օր ինձ անսպասելի կանչեցին տեղական ժանդարմերիայի գնդապետի մոտ։ Հիշում եմ նրա անունն այսօր էլ — Տալդրեն։ Մեկի քմքին ես դուր չէի եկել, և նա ինձ մատնել էր։ Այդ օրն առաջին անգամ մեծ զարմացմամբ իմացա, որ ես՝ առանց ինքս գիտենալու, հեղափոխական եմ եղել, ցարին անարգել եմ։ Ես գնդապետին միամտաբար ասացի.
— Ես ցարի դեմ ոխ չունեմ։
— Բայց դուք ի՞նչ գործ ունեք Կովկաս աքսորված ուսանողների հետ,— հարցրեց գնդապետը։
— Ներեցեք, ես չգիտեի, որ ուսանողների հետ ծանոթանալը քաղաքական հանցանք է։ Այո, իհարկե, քանի որ այդ ուսանողները հեղափոխականներ են։
— Ես այդ չգիտեի,— ասացի ես, թեև շատ լավ գիտեի, թե ինչու համար են իմ ծանոթները Կովկաս աքսորվել։