Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ ժամանակ ներս ենք շնչում թթվածինի համեմատաբար շատ պակաս քանակ, քան մաքուր օդի մեջ։ Առանց այդ սովորության, այսինքն՝ առանց մեր օրգանիզմի բոլոր կենսական վարումների թուլացման, մեզ համար անկարելի է մնալ ապականված մթնոլորտի մեջ» (տե՛ս Михайлов «Ассоциации», երես 45)։

Ահա մի գեղեցիկ պատասխան այն կարճամիտ և քարասիրտ բուրժուաներին, որոնք միշտ, երբ ես խոսք եմ ունեցել նրանց հետ գործարաններում բանողների բնակարանների մասին, չեն ամաչել արտահայտել այն եզվիտական միտքը, թե մշակն առողջ բնակարանի կարիք չունի, թե նա սովոր է իր կյանքը անցկացնել խոնավ ու կեղտոտ նկուղներում։

Ինչպես ասացինք, այդ 4 սաժեն երկայնություն, 2 սաժեն լայնություն և 5–6 ֆուտ բարձրություն ունեցող խուցի մեջ զետեղված են 10–15 բանվորներ։ Եթե այդ թվերը բազմապատկենք, կստանանք 2,352 խորանարդ ֆուտ օդի պարունակություն։ Բավակա՞ն է արդյոք օդի այդ չնչին քանակը եթե ոչ 15, գոնե 10 մարդու համար. հազար անգամ ոչ։ Եթե զանազան փորձառու բժիշկների, օրինակ, Գուբերի, Զեֆթլեբենի, Ռեկլամի և ուրիշ երևելի հեղինակների գրության համեմատ մի չափահաս մարդուն անհրաժեշտ է 4–ից մինչև 8 հարյուր խորանարդ ֆուտ օդի պարունակություն փոքր ի շատե առողջարար բնակության համար, կնշանակե 10 մարդու համար անհրաժեշտ է միջին թվով 6,000 խորանարդ ֆուտ։ Սրանից, սիրելի ընթերցող, կարող ես եզրակացնել, թե որպիսի կործանիչ ներգործություն ունի 2,352 խ. ֆուտ օդի պարունակությունը մի տասնյակ թշվառների օրգանիզմի համար նույնիսկ այն ժամանակ, եթե այդ օդը լիներ մաքուր, բայց նա, ինչպես վերն ասացինք, մաքուր չէ։ Կան և այնպիսի գործարաններ, ուր մշակների կացարաններն ավելի անձուկ են։ Մի թուրքի գործարանում ես տեսա մի գետնափոր խրճիթ, որի երկայնությունը 5 ու կես ֆուտ էր։ Այդտեղ բնակվում էին 6 մշակներ։

Շատ գործարաններում բանվորների բնակարաններում չկան մահճակալներ, իսկ եթե կան էլ — այդ մի քանի նավթոտ տախտակներ են միմյանց կողմում շարած և մի քանի