այստեղ։ Պետք է նկատի ունենալ և այն հանգամանքը, որ նավթային գործարաններում աշխատող բանվորների գործը համեմատաբար ավելի ծանր և վտանգավոր է, քան մի ուրիշ ֆիզիկական աշխատանք։ Թե ինչումն է կայանում այստեղ բանվորների գործը և նրա ծանրությունը ու վտանգավորությունը — այս մասին ես կգրեմ մի ուրիշ ընդարձակ հոդված։
Առայժմ առաջ կբերեմ մի քանի կետեր։ Բանվորի առաջին գործն է, երբ առավոտյան արթնանում է 2-3 ժամյա քնից, նավթային կաթսաները սև նավթով լեցնելը։ Այդ գործը տևում է մեկից մինչև երկուկես ժամ, նայելով կաթսայի մեծության։ Եթե կաթսան պարունակում է 500 փութ նավթ, բանվորին հարկավոր է առնվազը 2 ժամ շարունակ պտտեցնել նասոսի կռնակը մինչև կաթսայի բոլորովին լեցվելը։ Այս առաջին երկու ժամը բանվորը գործում է միշտ միևնույն դիրքում, այն է՝ ոտքի վրա, մեջքից կռացած։ Սրանից առաջանում է արյան հակահոսում, որի հետևանքն էլ մեջքացավ, գլխացավ և այլն։ Մի քանի գործարաններում, ուր նրանց տերերի ժլատության պատճառով նասոսներ չկան, բանվորները նավթը պահեստից կաթսաներն են տեղափոխում դույլերով կամ բարդաղ ասված կավից շինած մի տեսակ անոթով։ Այդ միջոցը, իհարկե, առավել դժվարացնում է բանվորի գործը, որովհետև եթե կաթսան 200 դույլ է տեղավորվում, նա այդքան անգամ էլ կռանում է ու բարձրանում։ Պատահում է, որ բանվորի ձեռքից բարդաղը դուրս է պրծնում ու նրա ոտը ջարդում, այդ ժամանակ նա մտածում է ոչ իր ցավի, այլ այն մասին, թե ինչ պիտի պատասխանի տիրոջը, իսկ տերը մի քանի հիշոցներից հետո բարդաղի ու նրա միջից թափված նավթի արժեքը դուրս է բերում բանվորի ռոճկից։
Բանվորի երկրորդ գործն է՝ հորից ջուր դուրս բերելը։ Այս գործը միևնույնն է, ինչ որ առաջինը։
Երրորդ գործն է՝ արդեն եփված նավթը կաթսաներից չաների մեջ տեղափոխելը։ Այդ գործը նույնպես կատարվում է նասոսով կամ դույլերով։ Սակայն պետք է նկատել, որ կաթսաները չաներից բավական հեռու են, և շատ անգամ բանվորը, նավթը դույլերով փոխադրելու ժամանակ