Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խմիր,— դարձավ ինձ Էմիլիան՝ բաժակները լցնելով։

— Չե՞ս ուզում։ Ի՞նչ տարօրինակ մարդ ես։ Մինչև հիմա դեռ անգամ չես համբուրել ինձ։ Կարծես եկեղեցումն ենք։ Այ, ուրիշ բան է սևուկը։ Գալիս է թե չէ իսկույն հանվում է և մեկ, երկու, երեք, շատ կրքոտ է։ Դու բանի պետք չես։ Բայց ոչ, քեզ էլ կարելի է սովորեցնել։

Եվ երկու բաժակ գարեջուր իրարու վրա դատարկելով, վեր կացավ, հարձակվեց վրես։ Կարծես օձեր ընկան պարանոցիս վրա, երբ զգացի նրա մերկ թևերի շոշափումը։ Ես կոպտաբար ազատվեցի նրա գրկից և փախա պատշգամբ, այնտեղից էլ փողոց։ Ես զգում էի ինձ ծաղրված ու անարգված, որպես առաջին իսկ ելույթին սուլված մի դերասան։ Կարծում էի, որ դերս կատարել եմ հրաշալի, դուրս եկավ, որ տապալվել եմ։

«Սպասիր»,— լսեցի ետևիցս Ս. Բ.-ի ձայնը։

Բшրեկшմu բարկացած էր։

— Խայտառակ,— գոչեց նա կանգ առնելով փողոցի մեջտեղում։— Տեսնված բա՞ն է, որ մարդուն տանեն հարսանքատուն, և նա այնտեղ «ի վերին Երուսաղեմ» երգե։ Էմիլիան մեզ պատմեց քո հերոսությունը։ Ակուլինա Պետրովնան կատաղել է քո դեմ։ Դու քեզ էլ խայտառակեցիր այդ քածերի մոտ, ինձ էլ։ Գնա կորիր, բալվան։

Ես չհակառակեցի բարեկամիս։

Երբ առաջին անգամ հափշտակվեցի կնոջով, քսանուհինգ տարեկան էի։ Առհասարակ ես դանդաղ եմ զարգացել թե՛ ֆիզիկապես և թե՛ մտավորապես։ Միայն հիվանդոտ մարմիններն են չծլած ծաղկում։ Ես առողջ էի։

Հափշտակությանս առարկան տասնուինը տարեկան մի ռուս օրիորդ էր, հեղափոխական ոգով տոգորված։ Նրա անունն էր Ս., ազգանունը Ռ.-կայա։ Մի տարի առաջ նա գիմնազիոնն ավարտել էր, այժմ պատրաստվում էր գնալ Մոսկվա՝ թե բարձրագույն ուսում ստանալու, թե՛ հեղափոխական երիտասարդության շրջանը մտնելու։

Գեղեցի՞կ էր այդ աղջիկը։ Եթե այն ժամանակ մեկը համարձակվեր ասել «ոչ», գլուխը կջարդեի։ Այսօր դրականապես ասում եմ՝ Ս-ն ոչ միայն սիրուն չէր, այլ գուցե մի