Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչու՜։

— Տասը ժամից հետո արգելված է գերեզմանատանը մնալ։ Ես երեք անգամ գոռացի․ «Հեռացեք, թե չէ կկրակեմ»։ Դուք չփախաք։ Ես կրակեցի երկու անգամ՝ ձեզ վախեցնելու համար։

— Բայց դուք կարող էիք սպանել։

— Իհարկե, երրորդ գնդակով անպատճառ կսպանեի ձեզնից մեկին։ Ես ունեմ իրավունք, ինձ հրամայված է։

— Ո՜վ է հրամայել։

— Ոստիկանությունը նահանգապետի կարգադրությամբ։

Պարզվեց հետևյալը։ Տեղական երկու թուրք խոշոր գերդաստանների մեջ տիրում է թշնամություն։ Փոխադարձ վրիժառության նպատակով երկու կողմերն էլ դիմում են ամեն տեսակ միջոցների։ Ի միջի այլոց, կռվողները փորում են հակառակորդների ննջեցյալների գերեզմանները, դիակները դուրս են բերում ու պղծում։ Ահա նման դեպքերի առաջն առնելու համար էին նշանակվել պահապաններ խիստ հրահանգներով։

Ինձ կառք նստեցրին, բերեցին տուն։ Ճանապարհին ոտս այնքան ուռավ, որ կոշիկս մկրատով կտրեցին և այնպես հանեցին։

Յոթ շաբաթ մեջքիս վրա պառկած մնացի միևնույն դիրքում — անփոփոխ։ Ոտս բժշկեց մի հայ կին, որը հայտնի ոսկրաբույժ էր։

Օրիորդ Ռ.-կայան ուղևորվեց Մոսկվա։ Բաքուն դատարկվեց ինձ համար․․․

Պաշտոնս թողնելով՝ վճռեցի տեղափոխվել Թիֆլիս գրականությամբ պարապելու նպատակով։