Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարք յաբուներ, մեկը մյուսից ողորմելի։ Ինչ արած, ստիպված էինք վատագույնների մեջ ընտրել վատերը։ Տեղական բոլոր քիչ թե շատ պիտանի ձիերը վերցրել էին զորքերը։ Սկսվեց առևտրի ձանձրալի սակարկությունը, որ ինձ համար միշտ անտանելի է եղել և որ հայը գիտե դարձնել միանգամայն զազրելի։ Մարդիկ չէին խնայում ոչ իրենց ժամանակը և ոչ իրենց ներվերը մի քանի ռուբլու համար միևնույն բանը քառասուն անգամ կրկնելու։ Մի կողմը չափազանց էր պարսավում, մյուսն արդեն շատ անամոթաբար էր գովաբանում իր ապրանքը։ Համենայն դեպս տեսարանը շատ հեռու էր գեղեցիկ լինելուց։

Այսպես թե այնպես, առևտուրը կայացավ։ Խաբողները եղան վաճառողները։ Քոսոտ ձիերը գնվեցին իրենց արժեքից ավելի գներով։ Այնուհետև մեջ ընկավ թամքերի խնդիրը։ Նույն սակարկությունը, գոռում֊գոչյունները, դեսուդեն վազվզելը, տեղացիների միմյանց մեղադրելը հազիվ թե ոչ քրեական հանցանքների մեջ և այլն։

Այդ էլ տևեց մի ամբողջ ժամ։

Վերջապես, ճանապարհ ընկանք կազակների համբերությունը սպառելուց հետո։

Քրդական փոքրահասակ ձիերը մինչև իրենց որովայնը խրվեցին նոսր ցեխի մեջ և կեղտոտ ջրի շիթերը բարձրացան մինչև մեր ուսերը։ Կարծեմ մեր թափորը պիտի բավական կոմիկական լիներ Ավետիս Ահարոնյանցի ծննդավայրի համար։

Ինձ թվաց, որ իմ երիվարը, տեսնելով իմ ձեռքում մտրակի փոխարեն քաղաքային ջենտլմենի բարակ ձեռնափայտ, իսկույն ըմբռնեց, որ վտիտ մեջքի վրա նստողն անփորձ մեկն է։ Արդարև, կյանքումս ընդամենը երկրորդ անգամն էի ձիով ճամփորդում։ Եվ խելացի կենդանին դրականապես որոշեց կառավարվելու փոխարեն կառավարել։ Եվ ես ամենայն սիրով հպատակվեցի նրա կամքին, թույլ տալով նրան անել, ինչ որ խելքը կտրում է։ Իսկ նա նախ և առաջ բարվոք համարեց մի քանի րոպե առաջ վազել և այնուհետև ետ մնաց մինչև վերջը․․․