Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամենայն անդորրությամբ և իսկույն ոտքի ելավ իր ձիու հետ։

Կարծում էի, որ գոնե ես կազատվեմ փորձանքից։ Չեղավ։ Մի քանի վայրկյան ևս, և ահա իմ ձին էլ դողդողաց, փռշտաց ու թավալվեց նույնպես իր ձախ կողքի վրա։ Իմ անկումը ոչ մի ցավ չպատճառեց ինձ։ Զարմացա անգամ, որ կարողացա այնպես արագ ոտքի ելնել և ձիուս էլ բարձրացնել։

Պարզ էր, որ մեր դրությունը և՛ ծիծաղելի էր, և՛ տրագիկական։ Բայց ես վրդովված էի մինչև հոգուս խորքը մեզ առաջնորդող կամավորի և մանավանդ երկու եպիսկոպոսների ֆանֆարոնությունից։ Կարծես, հենց մեր գլուխներին էր վիճակված նրանց դալլաքությունը փորձելու։

Ետ նայեցի և ի՞նչ տեսնեմ։ Հովհաննես Թումանյանը կախարդական գավազանի հարվածով ճահճի միջից դուրս է կանչել մի նոր նժույգ և վրեն փառավորապես նստել ու մյուս ձիու սանձը բռնել։ Նախանձս շարժվեց։

— Այդ ձին ո՞րտեղից գտար, Հովհաննես,— հարցրի ես զարմացած և վրդովմունքս մոռանալով։

— Ի՞նչ ձի։ — Այ, որի վրա նստած ես։ — Տակիս ձի չկա, կողքիս է:

Տարօրինակ իլյուզիա։ Դուրս եկավ, որ մեր բանաստեղծը բարձրացել է երկու պինդ ցեխակույտերի վրա, որպեսզի ավելի չապականի Սամսոն Հարությունյանի միջնադարյան մուշտակը։

Մեզ մնում էր մի կերպ քայլել ոտքով։ Բայց որ կողմը — չգիտեինք։

Մեզ հետ միասին ճահիճ էր ընկել ուղտերի մի ամբողջ կարավան։ Եվ դա մեր դրությունն ավելի դժվարացնում էր, վասնզի մթության մեջ դժվար չէր ընկնել ուղտերի ոտքերի տակ։ Ոչ մեր խնդիրը, ո՛չ սպառնալիքը և ո՛չ դրամի խոստումը չէին ազդում ուղտապանների վրա, որ մեզ ցույց տան մի ելք։ Նրանք զբաղված էին իրենց ցավով.