երիտասարդ օֆիցերի տեղը, հավատացեք, վաղուց թողած ու հեռացած կլինեի, թեկուզ պատժվեի դրա համար։ Շատ հարկավորս է, մի ինչ-որ սև վեղարավոր, ինչ-որ անծանոթ մարդկանց հետ, ինչ-որ նպատակով եկել են ու գնում են։ Բայց տեսեք ինչպես համեստ ռուսը, ձիուց իջած, անտրտունջ քայլում է ձյունի վրա ետ ու առաջ. ցրտից ոտքերն ամուր զարկելով գետնին և ձեռքերը շփելով իրարու, որ չսառեն։
Կազակներին տալիս եմ մի քանի տուփ ծխախոտ, և նրանք անվերջ շնորհակալ են։ Ես ևս շնորհակալ եմ իմ ընկերներից, որ այսօրվանից իմ տրամադրության տակ են դրել ահագին կապոց ծխախոտները։ Ես գիտեմ ինչպես բաժանել այդ թանկագին նվերը։
Ահա, վերջապես, սպիտակ զառիվերի վրա երևացին մեր ձիերը։ Իջնում են կիրճը։
Եղանակը հետզհետե պարզվում է։ Տասը ժամին արդեն՝ երկինքն ու երկիրը մերկանում են խոնավ մշուշից, և արեգակը զվարթացնում է մեր տրամադրությունը։ Դեպի աջ՝ կապույտ հորիզոնի վրա նկարված են Չինգիլի բարձունքները, ավելի մոտ ՝ Աղ-Բինարը, դեմուդեմ սուրբ Սիմոնը։ Արարատն արդեն մնացել է մեր հետևում, և մենք նրան չպիտի տեսնենք ամբողջ շաբաթներ։
Բուն Քուրդիստանումն ենք։ Ամբողջ հովտի հայ բնակչության թիվը 40000 է Բայազեդի հետ միասին։ Որքան է քրդերի թիվը— չգիտեմ, բայց երկիրն ինձ վրա գործում է ամայության տպավորություն։ Գյուղերն իրարից բաժանված են ահագին տարածությամբ։ Երբեմն տասը վերստ գնում ենք և գյուղ չենք տեսնում։ Այնինչ՝ երկիրն արգավանդ է և ոռոգվում է լեռներից հոսող բազմաթիվ վտակներով։
Աջ ու ձախ բոլոր գյուղերը դատարկ են։ Քրդերը փախել են և թաքնվել լեռներում։ Այնտեղից նրանք մերթ ընդ մերթ մեծ խմբերով հարձակվում են ռուս պահակների կամ մթերակիր սայլերի վրա, կողոպտում են, սպանում ու փախչում։ Իսկ հայ գյուղերը․․․ նրանք վաղուց են սովորել այդ տեսակ արշավանքների և այժմ էլ կրում են նրանց դառնությունը է չնայելով ռուսական ահեղ ուժի մերձավորությանը։