մի թարած-թափված մարդ, գլխին ռուսական ֆուրաշկա, կրծքի վրա ափսեի չափ երկաթյա մեդալ։
Մեր օթևանը ոչ խրճիթ էր, ոչ գոմ, այլ մի տեսակ փոս, խոնավ, կեղտոտ, ցուրտ։ Ստարշինան, որի անունն էր Միհրան Մանուկյան կամ, ինչպես ինքն ասաց, Մանուկով, ազդարարեց մեզ, թե տունն իրեն է պատկանում և պատրաստ է մեր տրամադրության տակ թողնել որքան ժամանակ կամենանք։
Փոսի մի անկյունում դրած էր մի ժանգոտված և ծակծկված երկաթյա չորքոտանի՝ վառարան անունով։ Միհրան Մանուկովը երկու կտոր փայտ բերեց, վառեց, նստեց հողե հատակի վրա և սկսեց փչել, թշերն ուռցնելով փուքսի պես։ Այնքան փչեց, որ շունչը սպառվեց, սկսեց հազալ, փռշտալ և իր կապայի թևերով սրբել ծխից արտասվող աչքերը։
Շուտով փոսը լցվեց ծխով այնպես, որ մենք իրարու չէինք տեսնում։
— Մունդռիկ,— ասաց անհանգիստ տեր-Նիկոլը և, «ըստարշինային» պատվավոր կերպով հեռացնելով, ինքը մտավ գործի մեջ։ Ծուխը հեռացավ, վառարանը սկսեց ուրախ-ուրախ չըրթչըրթալ, մեջտեղ եկավ թեյը և, մեր մռայլ տրամադրությունը չքացավ։
Միհրան Մանուկովը չոքեց պատի տակ, ձեռքերը դրեց ծնկների վրա և սկսեց պատմել իր տեսածն ու լսածը վերջին անցքերից։ Նրա ասելով Դիադինի միջով անցել է 6000 մարդուց բաղկացած մի թուրքական զորաբանակ։ Ասկերները հայերին ոչ մի վնաս չեն տվել. ընդհակառակը, ռուս զորքը գալուց հետո իրենք հայերն են կողոպտել քրդերին, նույնիսկ այն քրդերին, որոնք թուրքերի ժամանակ իրենց օգնել էին։ Եվ այսպիսով, Դիադինի 14 տուն հայերը «ազգային վրեժ» են առել 400 տուն քրդերից։ Կողոպտել են և կողոպուտը իրենց մեջ բաժանելու ժամանակ կռվել։ Երբեմն կռիվը արյունահեղության է հասել։ Այնպես, օրինակ՝ ոմն Մինասյանց սպանել է իր հորեղբոր որդուն նրա բաժնին տիրանալու համար։
— Ինչո՞վ են պարապում այստեղ հայերը,— հարցրեց մեզնից չգիտեմ ով։
— Արհեստավորներ են։