Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եպիսկոպոս մի ձեռով շոշափելով գրպանի ռևոլվերը, մյուսով, ըստ սովորության, մտրակելով ֆարաջեի փեշերը.

— Այո, դուք վախկոտ եք,— ետ չմնաց Զելիմ խանի փափախը։

Հովհաննես Թումանյանը ոչինչ չասաց, այլ միայն կողքին քարշ արած արկղը դղրդացրեց։

Երևանի քաղաքագլուխը նենգամիտ ժպտաց։ Մենք երկուսս էլ սարսափում էինք ոչ այնքան քուրդերից, որքան այդ ահեղ երրորդությունից։

Ինչ վերաբերվում է տեր-Նիկոլին, նա ասաց.

— Գյալմիդասան Հայրապետյանցն ասել է, եթե այսօր չգնան, թող ճաշին շնորհ բերեն ինձ մոտ։

Գյալմիդասանը (այսպիսի անուն էլ կա թուրքահայերի մեջ) Ղարա֊Քիլիսայի ունևոր հայերից էր։ Մի զվարճալի ծերունի, որ այդ օրը մեզ հյուրասիրեց ոչ միայն ճաշով, այլ իր հայրենասիրական ոտանավորներով...

Հետևյալ օրը իմ առաջարկը չընդունվեց, և մենք ուղևորվեցինք Ալաշկերտ։

— Լսո՞ւմ եք,— ընդհատեց մեր խոսակցությունը կազակ օֆիցերը։

Իրեց-Քյոլ գյուղից սկսած լսվում էր ձախ կողմից թնդանսթների որոտը։ Այժմ լսվեց հրացանաձգություն աջ կողմից։

Գիտեինք ինչ է ձախ կողմինը—Դութախի կռիվը, բայց թե ինչ էր կատարվում աջ կողմում—օֆիցերը չկարողացավ բացատրել։ Համենայնդեպս հրացանաձգության ուժից չէր կարելի ենթադրել մի խոշոր գործ։

Ալաշկերտ հասանք թանձր ձյունի տակ։ Մեզ դիմավորեց Կովկասյան լեռնականի հագուստով մի հայ երիտասարդ և հրավիրեց իր տունը։ Փոքրիկ և մաքուր երկհարկանի մի կացարան էր դա ժայռի կրծքին կպած արծվի բնի պես։ Երբ տեղավորվեցինք բավական Լուսավոր և ընդարձակ սենյակում, ներս մտավ չալմայով մի թուրք և շնորհավորեց մեր գալուստը նույնպես, ինչպես տանտեր։ Պարզվեց, որ տունն իսկապես թուրքին է պատկանում, իսկ հայը նրան ժամանակավորապես է տիրացել։