Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոսի մեջ։ Բնորոշ երևույթ։ Մի ազգաբնակություն, որ շարունակ ենթարկված է նոմադների արշավանքներին, ինքն է իր ձեռքով ստեղծել հարմարությունը այդ արշավանքների համար։ Չտեսա մի հայի գյուղ այդ երկրում, որ ունենար քրդական գյուղերի ընդհանուր դիրքը — բարձր լեռների վրա կամ անմատչելի ժայռերի մեջ։ Բոլոր հայի գյուղերը տեղավորված են կամ տափարակների վրա, կամ ձորերում։ Եվ այդ կողմից Զեթկանը, բլուրներով շրջապատված, մի գեղեցիկ նշանակ էր թշնամական հարձակումների համար։

Կանգ առանք գյուղի ծայրում մի քարաշեն ամայի տան առջև։ Ասացին, որ ուսումնարանի շինությունն է։ Դռները խորտակված էին, լուսամուտների ապակիները ջարդված։

Մի խումբ կանայք մերձակա աղբյուրից կժերով ջուր էին տանում իրենց ուսերի վրա։ Խնդրեցինք նրանց կանչել գյուղական քահանային։

— Մեր գյուղը քահանա չունե,— ասացին նրանք,— կուզեք, վարդապետ մը կա։

— Կանչեցեք նրան։

Եկավ մի բարձրահասակ, նիհար մարդ, սև մորուքով, վաղաժամ մոխրագունված քունքերով, գիշերային խավարի պես մռայլ դեմքով։

Սեղմելով երկայն ոսկորոտ ձեռները կրծքին, նա գլուխ խոնարհեցրեց իր հոգևոր մեծավորի առջև, կանգ առավ և անիմաստ աչքերը հառեց նրա երեսին։ Նրա հնամաշ ֆարաջայի տակից մեջքի լայն թիկունքները ցցվել էին ինչպես տաշեղներ։

— Հայր սուրբ, ռուսահայ հյուրեր ենք, տեղ կտա՞ք մեզ գիշերելու։

Հայր սուրբն ինչ-որ մրթմրթաց քթի տակ և, երեսը դարձնելով դեպի գյուղ, քայլեց ջայլամի քայլերով։ Մենք հետևեցինք նրան։ Իրիկնադեմի մթության մեջ, ձյունի կաթնագույն սավանի վրա այդ մարդն իր լռությամբ թվում էր մի հսկայական սև խաչվառ, որ թափորն առաջնորդում է դեպի մեռելների օթևանը։

Նա կանգ առավ գյուղի կենտրոնում մի օդայի առջև և նորից գլուխ խոնարհեցրեց, միշտ լուռ։