փորձեց մեզ խաբել Լոռվա անեկդոտներով—չեղավ։ Գարոն նրան փառավորապես զինաթափ արավ։
— Վերջապես,— արտասանեց Սմբատ Խաչատրյանցը, ցուրտը տարած ոտին փաթաթելով թվով տասնմեկերորդ դեղը (կարծեմ այս անգամ սագի ճարպ)։
Թաշլի Չայում նորից տեսանք փոքրահասակ Բադոյի Հուդա ուրբաթ կերպարանքը և գիշերեցինք մորթասծ և փետրած հավ բերող օֆիցերի սենյակում։
Այս անգամ Բադոն մեզ հայտնեց, որ քուրդերն իրեն պարտական են... 40000 ռուբլի և հարցրեց, արդյոք Ռուսիան, երկիրը տիրելուց հետո, հանձն կառնի՞ երաշխավորել նրա ստանալիքը։ Խաչատրյանց և Խունունց իրավաբանները միջազգային օրենսդրության կողմից հանդիսավոր ապահովեցին Բադոյի ստանալիքը։
— Տեսնո՞ւմ եք էդ լածիրակին,— գոչեց տեր֊Նիկոլը, ձեռը ձեռին զարկելով,— հազարներ է ունեցել, ու ես չեմ իմացի․․․
Մյուս օրը նորից անցանք Դիադին և նորից հանդիպիցինք մեդալակիր ստարշինային, նախկին Մելքոն էֆենդուն։ Մարդը եկավ իբր թե մեզ օգնելու, խանգարեց։ Տեր֊Նիկոլը մի ռուբլի տվեց նրան, որ հաց ու պանիր գնե մեզ համար, գնաց կորավ․․․
Մեր ձիերը հոգնել էին, իսկ իմ յաբուն միանգամայն ուժասպառ էր եղել և, կազակների ասելով, մոտ էր վերջին շունչը փչելուն։ Միևնույն ժամանակ սաստիկ ցավ էի զգում ոտիս մեջ։ Աոաջարկեցի Խորեն եպիսկոպոսին գիշերել Դիադինում, որպեսզի հանգստանանք և ստիպված չլինենք գիշերով ճամփորդել։
— Չեմ ուզում,— ասաց քրիստոսի խոնարհ պաշտոնյան, նայելով հեռավոր հորիզոնին, որ չգիտեմ ինչեր էր տեսնում նա․․․
Եվ անմիջապես նստեց իր առողջ, ամուր երիվարի վրա, որ կարծեմ թվով երրորդն էր, որ գնվել էր նորին սրբազանության համար։
Ես լռեցի և, սոսկալի ցավից ատամներս կրճտելով, նստեցի