Մեր խումբն այս անգամ բաղկացած էր ավելի քան հիսուն ձիավորներից։ Երկու երրորդականը կազակներ էին։ Գնում էինք իրարու հետևից, ինչպես կռունկների երամ, քայլ առ քայլ, աշխատելով չխոտորվել ձիերի ոտքերի հետքից, որ ամեն վայրկյան ծածկվում էր բուքիդ հալածվող ձյունի փոշիով։ Թվում էր, որ ճերմակ տարածության վրա դալարվում է մի վիթխարի սև վիշապ, գլուխը ծռելով մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ և պոչը շարժելով բլուրների վրա։
Մարդկային հետքի և ոչ մի նշույլ։ Ո՛չ մի գյուղ, ոչ մի ավերակ ավեր Լրկրում, ո՛չ մի ծառ կամ մացառ։ Միայն հեռու նշմարվում էին անմատչելի ժայռերի պղնձագույն լանջերը, որոնց ուղղահայաց թեքվածքի վրա ձյունը ապաստան չէր կարողացել գտնել։
Դուրս եկանք մի բարձրավանդակ, ուր ձյունը թեև նոսր էր, բայց սառած, քարացած։
— Այժմ ճանաչեցի այս անիծյալ տեղերը,— ասաց մեզ առաջնորդող երկու օֆիցերներից մեկը։ —Ձյունը ամեն ինչ ծածկել է։ Ահա այն ձորում մենք ընդհարվեցինք թուրքերի և քուրդերի հետ։
— Մե՞ծ կռիվ էր։
— Ոչինչ, միջակ,— պատասխանեց օֆիցերը ռուսին հատուկ անփութությամբ,— բայց բավական զբաղեցրեց մեզ։ Գիտե՞ք, հարկավոր է շտապել, ապա թե ոչ օրն արդեն անցել է, —ավելացրեց նա և ձին մտրակեց։
Ես հետևեցի նրան որքան թույլ էին տալիս ձիուս ուժը և ոտիս ցավը։
Նորից իջանք մի ձոր, նորից բարձրացանք։
Երկինքը պարզվեց, և մեր առջև բացվեց Արարատը, այս անգամ մի ուրիշ կողմից։ Իրիկնադեմի արեգակի ճառագայթները նրա հսկա կրծքի վրա ձգել էին գույների մի քմահաճ հյուսվածք։ Քանի ճառագայթները մարում էին, այնքան հյուսվածքը նրբանում էր։ Շուտով նա չքացավ, և մնաց մի թեթև ոսկեգույն պսակ Արարատի գագաթին։ Չքացավ այն էլ, և մնաց բիբլիական հսկայի կաթնագույն սիլուետը դժգույն հորիզոնի վրա։
Չհավատաք, եթե բանաստեղծները ձեզ ասեն, թե