Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ գիտեք։

— Բարդուսիցն եմ գալիս։ Քեռիի խմբիցն եմ։

— Կռվեցի՞ք։

— Այո։

— Ո՞րտեղ է այժմ խումբը։

— Ջարդվեց։ Մի մասը կտրվեց մեզանից ու մնաց ձորում, մյուս մասը փախավ այստեղ 23 հոգով, Ք.-ին 150 մարգով բարձրացավ լեռները։

— Շա՞տ մարդ սպանվեց խմբից։

— Բավական։

— Էդ անիծվածները գալիս են Չաթախի վրա,— մեջ մտավ կարճ պիջակով և չափազանց լայն վարտիքով հաստափորը։— Գալիս են, որ երկաթուղին քանդեն։

Ջաթախը Սարիղամիշից առաջին կայարանն է դեպի Ղարս։

Արդարև, հետևյալ օրը թուրքերը ավերեցին այն։

Որոշեցինք գնալ կայարան։ Այնտեղ միայն կարելի էր նորություններ իմանալ։

Մեր տրամադրության տակ կար միայն մի կառք, այնինչ մենք յոթ հոգի էինք, իսկ կայարանը չորս վերստի վրա էր։

Երբ անցնում էինք շուկայով, չնկատեցի ոչ մի իրարանցում։ Ավանը հանգիստ էր։ Պարզ էր, որ ազգաբնակությունը դեռ ոչինչ չգիտե։

Կայարանը լիքն էր ամեն աստիճանի օֆիցերներով ու բժիշկներով։ Բայց այդտեղ էլ ամեն ինչ հանգիստ էր։ Մարդիկ բուֆետի երկար սեղանի քով նստած, խմում էին առավոտյան թելք, ուրախ ու զվարթ զրուցելով գթության քույրերի հետ, որոնցից չորսին վիճակված էր շուտով գերի ընկնել թուրքերի ձեռքը երկրորդ սանիտարական գնացքի հետ։

Օրը պարզ էր, արեգակնային, սառնամանիքը դուրեկան։ Ավանը շրջապատող ձյունապատ բլուրների վրա եղևնիի մուգ կանաչագույն անտառները սփռվել էին ինչպես կախարդական գորգեր։ Հատ֊հատ ծառերը թվում էին վիթխարի պահապաններ, որ հսկում էին ավանի ապահովությանը։ Նորեկ ձյունի մակերևույթը պայծառ արեգակի տակ փայլում էր միլիարդավոր ադամանդներով։