Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեզ մոտենալ,— հանգստացնում էր կինը, շոյելով իր հագուստի ծալքերի մեջ թաքնված սևահեր գլխիկը։

Հայտնվեց, որ աղջիկը վախեցել է թուրք մրգավաճառներից, որոնք իրանց կեղտոտ նավակներով, գիշակերների պես շրջապատել էին շոգենավը։ Կինը փոքրիկի մայրն էր, Տրապիզոնի Արաբյան հարուստ գերդաստանից, որ բախտի բերմամբ ազատվել էր թուրքի յաթաղանից։ Բայց Սաթիկը տեսել էր շատ արյունոտ աեսարաններ և այժմ սարսափում էր ամեն մի կարմիր ֆեսից։

— Անիծվի՛ք դուք, անիծվի՛ք-կրկնեց մայրը մի քանի անգամ արտասվալի ձայնով և, բռնելով փոքրիկի թևը։ Հեռացրեց նրան տախտակամածից։

Սև մտքերը պաշարերին ինձ։ Ոչ այնքան անցյալի, որքան ապագայի վերաբերմամբ. քանի՜ ֊քանի հազարավոր և տասնյակ հազարավոր հայ փոքրիկներ կրում են իրանց մատաղ սրտերում այդ սարսափը կարմիր ֆեսից, ոճիրների այդ սիմվոլից։

***

Կարմիր ֆեսերը հեռացան, տանելով իրանց վայրենի գոռում-գոչյունները և փոխադարձ զազրելի հայհոյանքները։ Շոգենավը շարժվեց, և նրա սուր կտուցը սկսեց կտրել ծովի հարթ մակերեսը, աչ ու ձախ շպրտելով ճերմակ կոհակներ։

Ես շարունակ կանգնած էի տախտակամածի վրա և, դիտելով ափերի կանաչազարդ բլուրներ ձորերը և կինոմոնագույն լերկ ժայռերը, մտքով թափառում էի դժոխային երկրի խորքերում։ Եվ ոչինչ չէի տեսնում այնտեղ, բացի ավերից ու կոտորածից, արյունաներկ դաշտերից, գետերից, փողոցներից ու այրված ամայի տներից։

Երկրորդ կարգի տախտակամածից սանդուղքով բարձրացավ մի պարսկահայ և արտասվալի ձայնով պատմեց իր կողոպտվելը Բաթումի մեջ։ Ուղևորվելու նախընթաց օրը պանդոկ են խուժում մի խումբ սրիկաներ ոստիկանների